Նավթի տակառներով ակցիա՝ նախագահականի դիմաց
«Ադեկվատ» միաբանության անդամներն այսօր հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց։
Նրանք նավթի տակառներ էին բերել նախագահականի մոտ և ցանկանում էին դրանք հանձնել նախագահ Արմեն Սարգսյանին։
«Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա իրենց նախաձեռնության երկրորդ փուլն է․
«Քանի որ Արցախյան հարցի կարգավորման շրջանակներում շատ ակտիվ գործընթացներ կան: Մենք էլ, քաջ գիտակցելով, որ դա ոչ մի լավ տեղ չի տանի, փորձում ենք գոնե գործոն առ գործոն չեզոքացնել բացասական ազդեցությունը հայկական պետությունների դիրքերի վրա։ Այդ գործոններից մեկը Հայաստանի դե ֆակտո նախագահ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանն է, ով ըստ էության, փաստացի փայ ունի Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում։ Այսինքն, ըստ էության, այդ մարդու անձնական, ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգային անվտանգության շահերի հետ»։
Դանիելյանն ասաց՝ սա ընդունում են որպես փաստ և չուզենալով հավելյալ կոնֆլիկտ հրահրել՝ փորձում են հասկանալ, թե տեսականորեն հնարավո՞ր է, որ ֆինանսապես փոխհատուցեն նախագահին, նա էլ հրաժարվի Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում անվտանգությունը սպասարկելուց։
Հարցին, թե ինչ տարբերակով են պատրաստվում փոխհատուցել, Արթուր Դանիելյանն արձագնաքեց ․
«Դա կարող է լինել կանխիկ փող, կարող է լինել նավթամթերքով։ Սա այն դեպքն է, երբ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան այն բանակցությունը, որ վարվում է այդ պետությունների միջև»։
Լրագրողների հարցին, թե նա՞վթ է տարաների մեջ, Արթուր Դանիելյանն ասաց, թե այդ հարցին չեն պատասխանի, քանի որ դա կարող է օգտագործվել իրենց դեմ։
Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը նամակ հանձնեցին նախագահի ընդունարան, ասացին՝ նախորդ անգամ էլ նամակ են փոխանցել, օրենքով նախատեսված ժամկետը սպառվել է, բայց պատասխան չեն ստացել։
Նամակը հանձնելուց հետո Դանիելյանը լրագրողներին ասաց․ «Եվս մեկ անգամ հորդորում ենք նախագահին՝ մեզ ընդառաջել ու երկխոսել, կապի դուրս գալ, սկսել բանակցությունները՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում նրան որպես BT-ի (British petrolium) ներկայացուցիչ դուրս հանելու, և որպես ՀՀ նախագահ ներբեռնելու ուղղությամբ»։
Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենց նպատակը խաղաղ ճանապարհով բանակցային գործընթացին խթանելն է, ուստի բոլոր միջոցները կձեռնարկեն, կխնդրեն, կպահանջեն Արմեն Սարգսյանին, որ կոնստրուկտիվ հունի մեջ սկսի երկխոսությունը, որի արդյունքում իրենք կփոխհատուցեն նրա կորուստները, տույժերը, իսկ նա «կփոխհատուցի հայկական պետությունների ազգային անվտանգության կորուստներն ու շահերը»։
Ասացին՝ հույս ունեն, որ Արմեն Սարգսյանը այդ տարրաները կընդունի, և իրենք պատրաստակամ են հստակ ֆինանսական փոխհատուցում տրամադրել, եթե երկխոսություն սկսվի։