ՍԴ անդամներին վատ դրության մեջ կդնենք, եթե իրենց վերաբերող հարցը փոխանցվի Դատարան՝ եզրակացության․ Վլադիմիր Վարդանյան
ԱԺ–ն կայացրել է որոշում, եւ այդ որոշման հիման վրա ՀՀ նախագահը պետք է նշանակի հանրաքվե․ հետագա ընթացքը պարզ կլինի դրանից հետո։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։
«Ի վերջո իրավական տեսանկյունից մենք պետք է սպասենք հրամանագրի ստորագրմանը, դրանից հետո նոր հնարավոր կլինի անդրադառնալ բովանդակային հարցերին»:
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հանրաքվեի մասին որոշում կայացնելուց հետո կարծես թե ՍԴ-ի կարծիքը ստանալու իմպերատիվ պահանջ չունեն։ Բայց այստեղ կա խնդիր․ հարցը վերաբերում է ոչ միայն «ինստիտուտ Սահմանադրական դատարանին», այլ դրա անդամների մեծամասնությանը․
«Այս պարագայում արդյոք առկա՞ է շահերի բախում, թե՞ այն բացակայում է։ Այստեղ դատարանը կարո՞ղ է ընկալվել որպես անաչառ եւ անկողմնակալ դատարան, թե՞ ոչ, սա էլ այլ խնդիր է։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ։ Բացի այդ, եթե առկա է դիմումը, ՍԴ-ն իրականացնում է գործառույթը, դիմումի բացակայության պարագայում ՍԴ-ն իրավունք չունի իր նախաձեռնությամբ որեւէ գործ իրականացնել»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ, իր կարծիքով, ՍԴ 7 անդամներն այս հարցում ունեն շահագրգռվածություն. «Եվ ինչ-որ առումով վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե հարցը փոխանցվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության»:
Անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությանը, որտեղ առաջարկում են նախագիծը նախ ուղարկել Վենետիկի հանձնաժողով, Վարդանյանն արձագանքեց, որ Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Հանձնաժողովում ներկայացուցիչ ունեցող որեւէ երկրում իրականացվող իրավական գործընթացներին․
«Սա ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է, երբ Վենետիկի հանձնաժողովը նման հայտարարությամբ է հանդես գալիս։ Այդ հայտարարությունները անպայման չեն, որ ընկալվեն, որպես քննադատություն, սա մոտեցում է եւ, ամենայն հարգանքով Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ, պետք է նշենք, որ այն մարմինն է, որը գործում է դիմումների հիման վրա, կլինի դիմում, Վենետիկի հանձնաժողովը կտա համապատասխան եզրակացություն»։
Վարդանյանն ափսոսանք հայտնեց, որ շատ դեպքերում միջազգային կազմակերպությունները դարձել են մանիպուլյացիաների օբյեկտ․
«Ցանկացած միջազգային կառույց, որը հրապարակում է իր մոտեցումները, դիրքորոշումները, չի կարող պարտադրանք ուղղել այս կամ այն պետությանը։ Դա ստանդարտների խումբ է, որոնց պետք է բավարարի այս կամ այն պետությունը, եթե ուզում է այդ միջազգային կազմակերպության հետ աշխատի․ պարտադրող դիրքորոում չի կարող լինել»: