«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները պնդում են, որ «Մուլտի Գրուպ»-ի տնօրենը հայհոյել է իրենց. բողոքի ակցիա. Հայկական ժամանակ

Hayhoyel e irenc

Արարատի ցեմենտի գործարանում այսօր առավոտյան լարված իրավիճակ էր. շուրջ 100 աշխատակիցներ փակել էին գործարանի մուտքը՝ պահանջելով, որ գործարանի կառավարիչ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հրաժարվի գործարանի կառավարումից:

Բացի այդ, պահանջում էին նաեւ, որ Առուստամյանը ներողություն խնդրի աշխատակիցներից:

Նշենք, որ կոնցեռնի սեփականատերը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:

Գործարանի աշխատակիցներից Հենրիկ Խեչումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմել է, որ 2 ամիս է՝ գործարանի աշխատակիցներին քիչ աշխատավարձ է վճարվել, եւ երեկ նրանք գնացել են գործարանի տնօրեն Սամվել Թադեւոսյանից պարզաբանում ստանալու. «Հանգիստ նստած խոսել են տնօրենի, տեղակալի, արտադրամասի պետերի հետ, այդ պահին այնտեղ է մտել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը եւ ցանկացել ծանոթանալ խնդրին, դրան ծանոթանալուց հետո Առուստամյանն ասաց՝ ով ուզում է, թող աշխատի, ով չի ուզում… ու այդտեղ սեռական բնույթի հայհոյանք է տալիս: Աշխատակիցները նույն կերպ պատասխանել են իրեն եւ դուրս եկել»:

Գործարանի աշխատակիցն ասաց, որ այդ պատճառով այսօր փակել են գործարանի մուտքը, որպեսզի Սեդրակ Առուստամյանը գնա այնտեղ, ներողություն խնդրի իրենցից եւ հրաժարվի «Արարատցեմենտ»-ի կառավարումից:

Լրատվականի հարցին՝ ինչպես են պատկերացնում, որ գործարանը կառավարող ընկերության սեփականատերը հրաժարվի դրա կառավարումից, Խեչումյանը պատասխանեց. «Չենք ասում՝ սեփականատերը հանձնի պետությանը, թող ուրիշ մարդ կառավարի, եւ թող կառավարի գործարանի ներկայիս տնօրենը»:

Նրա խոսքով՝ գործարանի մուտքը փակելուց Սեդրակ Առուստամյանն այցելել է այնտեղ եւ կատարել իրենց պահանջները. «Նա ներողություն է խնդրել եւ արդեն փաստաթուղթ է ստորագրել, որով հրաժարվում է գործարանի կառավարումից՝ այն թողնելով «Արարատցեմենտի» տնօրենի կառավարմանը»:

Ձեզ կհետաքրքրի...