Արտահոսքի հեղինակը 27-ի գործով նախկին մեղադրյալն է եւ ՀՅԴ հեռուստաալիքը

artahosq

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով ուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ գտնվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից:

Ըստ լրատվական դաշտում շրջանառվող լուրերի՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին պատկանող ֆեյքերից մեկի միջոցով:

Հիշեցնենք, որ Հարություն Հարությունյանը ժամանակին եղել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալ եւ կալանքից ազատվել է միայն այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ձեւով պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, ապա եւ՝ վարչապետ Արամ Սարգսյանին եւ ամբողջական վերահսկողություն սահմանեց իշխանության վրա:

Հիշեցնենք նաեւ, որ վարչապետի ուղիղ եթերի տեխնիկական կադրերն այլ հեռուստաընկերությունների տիրապետության ներքո հայտնվել էին Հանրային հեռուստաընկերության սխալի պատճառով: Բաց է մնում հարցը՝ դա կանխամտածվա՞ծ սխալ էր, թե՞ պատահական:

Ամեն դեպքում, Հանրային հեռուստաընկերության տնօրենը եւ տեղակալը ազատված են աշխատանքից, իսկ Հարություն Հարությունյանը մինչեւ հեղափոխությունը Հանրային հեռուստաընկերության լուրերի տնօրենն էր:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...