ՄԻՊ աջակցությամբ ավելացել է ԶՈՒ սպային տրամադրվող փոխհատուցումը.

Avelacel e

ՀՀ զինված ուժերի սպան դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ վարձակալած բնակարանի դիմաց տրամադրվող փոխհատուցման գումարի չափը վերանայելուն աջակցելու հարցով:

Նա տեղեկացրել է, որ 4 անձից բաղկացած ընտանիքի հետ բնակվում է մարզում վարձակալությամբ, որի դիմաց Պաշտպանության նախարարությունից ստանում է 33.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում, դիմել է վերահաշվարկ կատարելու և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նոր չափով փոխհատուցում ստանալու նպատակով, սակայն մերժում է ստացել:

Հատկանշական է, որ բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցման չափերը դեռևս 2018 թվականին բարձրացվել են Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկով, և այլ քաղաքներում 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին նախատեսվել է տրամադրել 50000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում:

Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ և Պաշտպանության նախարարությանն առաջարկվել է միջոցներ ձեռնարկել զինծառայողի ընտանիքին բնակելի տարածություն վարձակալելու դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցման չափը վերահաշվարկելու ուղղությամբ:

Արդյունքում, սպայի վարձակալած բնակարանի դիմաց դրամական փոխհատուցման չափը վերահաշվարկվել է, և  գումարն արդեն կազմում է 50.000 ՀՀ դրամ:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական իրավունքների պաշտպանության կարևորությունը և կարևորում է տվյալ ոլորտում Պաշտպանության նախարարության հետ ձևավորված կայուն համագործակցությունը, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Ձեզ կհետաքրքրի...