Հիշողությունն է օգնել խուսափել պատմության կրկնությունից և Արցախյան շարժումը հաղթանակով պսակել․ Արմեն Գրիգորյան

Cexaspanutyun

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում ասված է․

«Հարգելի հայրենակիցներ

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, մենք ոգեկոչում ենք 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում։ Սուրբ նահատակների հարգանքի տուրքը չունի տարածական և ժամանակային սահմաններ։

Ընդհանրապես մեր ուղեղն ու մարմինն այնքան մեծ փոփոխությունների են ենթարկվում կյանքի ընթացքում, որ դժվար է պատկերացնել։ Ամեն չորս ամսվա մեջ կարմիր արյան բջիջներն ամբողջությամբ փոխվում են, մի քանի շաբաթվա ընթացքում մարդու մաշկի բջիջներն ամբողջությամբ փոխվում են։ Յոթ տարվա ընթացքում մարդու մարմնի բոլոր ատոմները փոխարինվում են նորով։ Մեծ հաշվով ֆիզիկապես մենք միշտ նոր մարդ ենք, և միակ բանը, որ մեզ կայուն նույնն է պահում, մեր հիշողությունն է։

Հիշողությունը մեր ինքնության ամենագլխավոր գործոնն  է և հավաքական կերպարի հիմքը։ Հենց հիշողությունն է օգնել մեզ ամեն գնով խուսափել պատմության կրկնությունից և Արցախյան շարժումը հաղթանակով պսակել։ Մեզ հաջողվեց ձևափոխել մեր հիշողությունների բնույթը, հավատալ մեր ուժերին ու այլևս երբեք թույլ չտալ պատմության ողբերգական կրկնությունը։

Հիշողությունն է, որ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող հայ ժողովրդին համախմբում է համահայկական օրակարգով` միասնական հզոր պետություն կառուցելու և երազանքներն իրագործելու համար։

Հիշելը կարևոր է, որովհետև հիշողությունը կորցրած անհատը դժվարանում է պատկերացնել իր ապագան, որովհետև հենց հիշողությունն է մեզ դարձնում այն, ինչ կանք, այլ ոչ թե մեր ֆիզիկական գոյությունը։ Ու հիշելը մեզ պետք է օգնի ավելի լավ ապագա կառուցել։

Այլևս երբե՛ք»։

Ձեզ կհետաքրքրի...