Ունենք օջախների բազմազանություն. առողջապահության նախարար.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճին, տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածման տեմպերը բացարձակ թվերով ավելանում են, բայց տոկոսները նույնն են, և քանի որ բազան մեծանում է, հետևաբար թվերն էլ են մեծանում։
Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 407 նոր դեպք, 253 առողջացած, 6 մահ։ Արսեն Թորոսյանը նաև նշել է, թե ինչու է կորոնավիրուսի աճի տեմպը մեծացել:
«Ցավոք սրտի, ունենք օջախների բազմազանություն։ Այսինքն՝ եթե բռնկման սկզբին՝ մարտի կեսերին, ունեինք հստակ մեկ, երկու, հետո՝ երեք օջախ, դրանից հետո վիրուսի տարածումն այդ օջախներից դուրս եկավ, ու այժմ արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք չենք կարողանում թելերը գտնել, կապել առաջին օջախների հետ։ Դա բնական է, որովհետև շատ են ասիմպտոմ դեպքերը, հնարավոր է՝ վարակը տարածված լինի մի մարդուց, որը չի իմացել, որ ինքը վարակված է»,- ասել է նախարարը և հավելել, որ վարակի տարածման մյուս «դժբախտ ուղղությունը» բժշկական կենտրոններն են։ Նախարարը շեշտեց, որ բոլոր ուժերն այժմ կենտրոնացրել են բժշկական կենտրոնների տարածքում հիվանդության տարածումը կանխելու համար:
Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ մեկուսացման 14 օրը լրանալուց հետո արտերկրից ժամանած մեր քաղաքացիների 10–15 տոկոսի մոտ լինում են դրական դեպքեր։ Մեկուսացման վայրերը 27-ն են՝ 5–10 հոգանոց բժշկական անձնակազմով
Նախարարի խոսքով՝ թվի աճը պայմանավորված է նաև ավելի մեծ շարժունակությամբ՝ ավելի մեծ շարժ փողոցներում՝ միջմարզային և ներքաղաքային, ավելի շատ բաց տնտեսվարողներ։