Գագիկ Խաչատրյանի և Միքայել Մինասյանի նկատմամբ հարուցված քրգործերի ծավալներն աննախադեպ են. գլխավոր դատախազ
Այս պահին տարբեր նախաքննական մարմինների վարույթում ունենք մի քանի քրեական գործեր քննության՝ նախադեպը չունեցող ծավալներով: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նշեց, որ քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ առկա են օպերատիվ և փաստական տվյալներ 10-15 տարի թաքցված և արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ: Դատախազի խոսքով՝ այդ տնտեսական գործունեությունն իրականացվել է մոտ 100 սուբյեկտների կողմից:
«Ըստ տեղեկությունների՝ այդ գործունեությունը ղեկավարվել է մեկ-երկու կենտրոններից: Սխեման այնպիսին է, որ այդ գործունեության արտոնյալ հատվածն այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող իրականացվել: Դա առերևույթ վկայում է, որ այդ գործունեությունը կազմակերպվել է այնպիսի եղանակով, որ դրանց բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն: Մեր երկրում այսպիսի ծավալով քրեական գործեր չեն քննվել»,- ասաց Ա.Դավթյանը:
Նա հայտարարեց, որ այդ քրգործերից մեկն առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, ևս մեկը՝ Միքայել Մինասյանին: