Օտարերկրյա պետություններում տեղակայված ապօրինի հարստությունները պետք է վերադարձնել պետական բյուջե․ Անդրանիկ Քոչարյան

qocharyan

Հայտարարությունս վերաբերելու է որոշ անձանց համար բարենպաստ պայմաններում կուտակված ապօրինի հարստություններին, ընդ որում, ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ նրա՝ ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի վերադարձի հետ զուգահեռ պետք է լրջորեն զբաղվել ՀՀ-ից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով։ Քոչարյանի համոզմամբ՝ հսկայական ծավալների ակտիվներ դուրս են բերվել ՀՀ-ից դեպի Եվրամիության երկրներ, Ռուսաստան, Արաբական Էմիրություններ եւ ԱՄՆ։

«Օտարերկրյա պետություններում տեղակայված ապօրինի հարստությունների վերադարձը պետական բյուջե պետք է դարձնել համընդհանուր օրակարգի հարց՝ ներգրավելով ՀՀ քաղաքացիներին եւ աշխարհասփյուռ հայությանը, քանի որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում»,- ասաց պատգամավորը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ են հստակ պլանավորված գործողություններ, որոնք նախ եւ առաջ պետք է ուղղված լինեն այդ ակտիվների տեղակայումը բացահայտելուն։ Այնուհետեւ, ինչպես ասաց Քոչարյանը, պետք է ուսումնասիրել եւ պարզել ՀՀ-ի համար առավել բարենպաստ օրենսդրություն ունեցող երկիրը եւ թիրախավորել այդ իրավազորությունները։

«Այս պարագայում անգնահատելի է միջազգային համագործակցությունը, որը կարելի է օգտագործել բավականին արդյունավետ կերպով։ Օրինակ՝ Եվրամիության մի տարածքում վարույթ հարուցելով՝ այն ճանաչում են Եվրամիության մյուս պետությունները, եւ վերջիններս պարտավոր են համագործակցել վարույթ հարուցած երկրների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է նաեւ ուսումնասիրել ՀՀ-ի վավերացրած միջազգային համաձայնագրերի էությունը։ Քոչարյանը նկատեց, որ միջազգային համագործակցությունը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել սահմանված լծակները, եւ դրանից հետո անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել ՀՀ-ի տարածքից դուրս գտնվող ակտիվների սառեցմանը եւ վերջապես վերադարձմանը։ «Վերոնշյալ քայլերի հաջորդականությունը հետապնդում է միայն մեկ նպատակ, այն է՝ պետական բյուջե վերադարձնել այն ամենը, ինչ պատկանում է ժողովրդին ու երկրին եւ ոչ անհատներին»,- եզրափակեց Քոչարյանը։

Ձեզ կհետաքրքրի...