Չինաստանը նպատակադրված թաքցրել և ոչնչացրել է կորոնավիրուսի մասին կարևոր տեղեկություններ. 5 երկրներ զեկույց են հրապարակել

chinastan

նկարի ձախ վերին անկյունում Ուհանի լաբորատորիան է, աջ վերին անկյունում՝ Չինաստանի նախագահը

5 անգլալեզու  երկրների հետախուզությունները հրապարակել են համատեղ զեկույց այն մասին, որ Չինաստանը նպատակադրված է թաքցրել եւ ոչնչացրել նոր տիպի կորոնավիրուսի մասին կարեւորագույն տեղեկություններ: Այս մասին հայտնում է ավստրալական Sunday Telegraph թերթը՝ պնդելով, որ ունի զեկույցի օրինակը:

Այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն ավստրալական թերթի այս պնդումը եւս մեկ կայծ է ավելացրել  Արեւմուտքի եւ Չինաստանի միջեւ բռնկված տեղեկատվական պատերազմին:

Sunday Telegraph-ը հայտնում է, որ «Հինգ աչք»  (Five Eye) անվանումով հետախուզական ալյանսը, որը միավորում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հետախուզական ծառայությունները, 15 էջանոց զեկույցում գրում է, որ չինական իշխանությունները վտանգի տակ են դրել այլ երկրներին՝ գիտակցաբար թաքցնելով կորոնավիրուսի մասին ուշագրավ տվյալներ:

Զեկույցում, ըստ թերթի հրապարակման, նշվում է, որ Չինաստանի իշխանությունները ստիպել են լռել բժիշկներին, որոնք փորձել են աշխարհին հայտնել վտանգների մասին, վերացրել են լաբորատոր էքսպերիմենտների հետքեր եւ հրաժարվել են օտարերկրյա գիտնականներին, որոնք աշխատել են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա, տրամադրել կարեւոր նմուշներ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Պետքարտուղար Մայք Փոմփեոն  արդեն քանիցս մեղադրել են Չինաստանին այն բանում, որ կորոնավիրուսն իբր ստեղծվել է Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայում: Ի դեպ, այս թեմայի շուրջ հարյուրավոր մտորումներ  եւ քննարկումներ են եղել համաշխարհային մամուլի էջերում դեռ համաճարակի ամենասկզբից:

Մինչդեռ «Հինգ աչք» -ի զեկույցում, ըստ Sunday Telegraph-ի, չկան ուղիղ մեղադրանքներ այն մասին, որ վարակը ստեղծվել է չինական լաբորատորիայում: Այս թեմայի մասին զեկույցում ընդամենը թվարկվում են մի շարք կասկածելի հանգամանքներ եւ ստուգման անհրաժեշտություն պահանջող կասկածներ:

Պաշտոնական Չինաստանը վճռականորեն հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները եւ տեղեկատվություն թաքցնելու, եւ՛ վարակի՝ լաբորատոր պայմաններում ստեղծված լինելու մասին:

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարար Բեն Ուոլլեսը հրաժարվել է մեկնաբանել ավստրալական թերթի հրապարակումը:

«Ես ամեն օր հետախուզական տվյալներ եմ ստանում ամբողջ աշխարհից: Ես չեմ մեկնաբանում կոնկրետ հետախուզական գործողություններ եւ չեմ պատմում երբեք, թե ինչ եմ ինքս տեսել կամ ինչ չեմ տեսել: Դա սխալ կլիներ»,-այսօր, BBC-ի հետ զրույցում, ասել է Ուոլլեսը :

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, թե տեսե՞լ է ինքը ապացույցներն այն մասին, թե իբր կորոնավիրուսը ստեղծվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, ասել էր. «Այո, այո, ես իսկապես դրանք տեսել եմ»: Իր այս խոսքերից հետո, սակայն, նա անմիջապես էլ հրաժարվել է խոսել մանրամասների մասին եւ սկսել է խորհրդավոր կերպով վերլուծել վարակի տարածման հնարավոր սխալների մասին, որոնք հավանական է՝ թույլ է տվել Չինաստանը:

ԱՄՆ-ի Ազգային հետախուզական ծառայության տնօրենը, սակայն, հենց նույն օրը հայտարարեց, որ ամերիկյան հատուկ ծառայությունները տարակարծիք են գիտնականների մի մեծ խմբի հետ, քանի որ կարծում են՝ վարակը ոչ թե մարդածին, արհեստածին ծագում ունի, այլ  բնության գործոնների հետեւանք է: Միաժամանակ, ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունից պաշտոնապես հայտնել են, որ խոստանում են մանրամասն հետաքննել իրենց փոխանցվող տեղեկությունները, որպեսզի հնարավոր լինի վերջնականապես հասկանալ՝ վարակի տարածումը սկսվել է կենդանիներից, թե՞ տարածման պատճառ է հանդիսացել Ուհանի լաբորատորիայում տեղի ունեցած ինչ-որ պատահար:

Այս ամենից հետո, կիրակի օրը, ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Փոմփեոն, ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում  հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ունի «հսկայական քանակությամբ ապացույցներ այն մասին, որ վարակի տարածման սկզբնաղբյուր է հանդիսացել չինական լաբորատորիան»: Հատկանշական է, որ վայրկյաններ անց էլ փոմփեոն հակասել է ինքն իրեն՝ լրագրողի այն հիշեցմանը, թե հետախուզական ծառայությունը առավել հավանական է համարել վարակի բնածին, ոչ թե արհեստածին  լինելը, պատասխանելով. «Այո, ճիշտ է: Ես տեղեկությանը ծանոթ եմ եւ դրա հետ համաձայն եմ»:

Բրիտանական The Telegraph թերթն էլ երեկ, MИ-6 հետախուզական ծառայության իր աղբյուրներին հղում տալով հայտնել է, որ բրիտանական հետախուզությունը արդեն վաղուց է հայտնում բրիտանական կառավարությանն այն մասին, որ Չինական իշխանությունները թաքցրել են աշխարհից իրենց երկրում Covid-19 վարակի տարածման իրական մասշտաբների եւ  բռնկման հանգամանեների մասին տեղեկությունները:

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...