Վանաձոր քաղաքի բնակիչը հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ 1998թ. ծնված Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ն.Ե.-ն 2014 թվականին զննվել է Լոռու մարզի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից և առանց առողջական խնդիրների կցագրվել: Սակայն, վերջինիս հոր՝ Խ.Ե.-ի և Լոռու մարզի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Ս.Գ.-ի օժանդակությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2019թ. ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ե-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ժամկետային զինվորական հերթական զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ս.Գ.-ին և Խ.Ե.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Խ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին քննիչի միջնորդությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: