Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ նախկին տնօրենին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում

Dati e tvel

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի ԲԿ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին՝ պահանջելով հերքել հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

 Հայցը ներկայացվել է մայիսի 14-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։

 Թորոսյանի ներկայացուցիչներից Դավիթ Հունանյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ 25.04.2020թ.-ին Նունե Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր անձնական էջում, որտեղ հանդես է գալիս «Նունե Ներսիսյան» անուն-ազգանունով, կատարել է գրառում, որի ներքո տեղադրել է նաեւ երկու լուսանկար, որոնք պատկերում են երկու այլ ֆեյսբուքյան գրառումներից հատվածներ. մեկը՝ medmedia.am կայքի գրառումն է՝ «Նախարարը մեծացնում է հիվանդանոցներում բուժվողների քանակը. ինչքան շատ հիվանդ, այնքան շատ ֆինանսավորում» վերնագրով ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի լուսանկարով, իսկ մյուս հատվածը ֆեյսբուքյան ինչ-որ օգտատիրոջ գրառում է, որը գրված է լատիներեն տառերով:

«Նունե Ավանեսյանն իր գրառմամբ դիմել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հետևյալ արտահայտությամբ՝ «Միայն մի բան կարող եմ ասել, Թորոսյան, բավական է ազգիս խաբես, բավական է, հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է, հիշիր մուլտֆիլմը՝ «Золотая антилопа»-ն, և պատկերացրու ավարտդ»»,- մեջբերելով Ավանեսյանի գրառումը՝ ասաց Հունանյանը։

Հարցին՝ արդյոք վնասի փոխհատուցման պահանջ ներկայացվե՞լ է, հայցվորի ներկայացուցիչը դրական պատասխանեց. «Հայցի առարկան է կազմում երկու պահանջ՝ պարտավորեցնել Նունե Ավանեսյանին հրապարակայնորեն հերքել գրառման մեջ պարունակող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ Նունե Ավանեսյանից հօգուտ Արսեն Թորոսյանի բռնագանձել 2 մլն դրամ՝ որպես գրառման մեջ պարունակող զրպարտության համար նախատեսված փոխհատուցում»։

Նունե Ավանեսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցը չի ստացել եւ այդ մասին տեղյակ չէ։ ՀԺ-ն Ավանեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք իր գրառումը զրպարտություն համարո՞ւմ է, ի պատասխան՝ նա ասաց. «Ինչո՞ւ եմ զրպարտել։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գիտի, թե Թորոսյանը ինչքան պարգեւավճար է ստանում, դա իրենց կայքում էլ կա, կա նաեւ Սորոսի էջում, թե ինքը ինչ գումարներ է ստացել»։ 

Ավանեսյանն ընդգծեց՝ իր գրառումը զրպարտություն չի համարում եւ չի հերքելու այն։ 

Հիշեցնենք, որ Ավանեսյանը պաշտոնից ազատվել է 2018-ի հեղափոխությունից մի քանի ամիս անց՝ օգոտոսին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ։ Այն ժամանակ Արսեն Թորոսյանը եւս ճիշտ էր համարում մարզպետի՝ Ավանեսյանին ազատելը։ 

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում

Ձեզ կհետաքրքրի...