Գալիս ենք ոչ թե հեռուստաալիք փակելու, այլ խրախուսելու լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը. Հայրապետյան

Galis enq

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ իրենց քաղաքական թիմի ստանձնած պարտավորություններին և տված խոստումներին:

Հայրապետյանը հիշեցրեց իր հայտարարությունը, որ մինչև 2021 թվականն իր ղեկավարած հանձնաժողովը նախաձեռնելու է երեք մայր օրենք: Առաջինը՝ մեդիայի, երկրորդը՝ կինոյի, երրորդը՝ հայրենադարձության մասին:

«Մենք հետևողական ու վճռական ենք տրամադրված մեր իսկ տված խոստումները և ձեր առջև ստանձնած պատասխանատվությունը իրականացնելու գործում: Բովանդակության առումով կարող եմ ասել, որ գալիս ենք ոչ թե որևէ հեռուստաալիք, սերիալ, նախագիծ փակելու, այլ գալիս ենք խրախուսելու լավ արտադրանքը, որակյալ բովանդակությունը: Եվ սրա արդյունքում այն աղբը, որ դուք կարող էիք տեսնել մինչև օրենքը ուժի մեջ մտնելը, դուրս է գալու շրջանառությունից: Մենք օրենքով խրախուսում ենք բարձրորակ կոնթենթը, հանրօգուտ կոնթենթը»,- նշեց Հայրապետյանը:

Նախագծով 30 տոկոս նվազագույն շեմ է սահմանվել մանկական, մշակութային և կրթական ծրագրերի համար՝ նշեց պատգամավորը՝ հավելելով՝ հստակ քաղաքականություն են որդեգրել հեռուստաէկրանի բովանդակության մասով: 

«Սա մի նախագիծ է, որն ընդունվելու պարագայում ունենալու է փայլուն հեռանկար՝ սրա վրա կառուցելու այն բոլոր պատկերացումները, որոնք մենք ունենք եթեր ասելիս»,- նշեց պատգամավորը:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

Ձեզ կհետաքրքրի...