Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Hyundai-ն ու Nissan-ը. 4 վիրավորներից 2-ին ծառայողական ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանը.

Vtar

Երեկ՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23;30-ի սահմաններում Աճառյան-Ռուբինյանց փողոցների և Մյասնիկյան պողոտայի հատման վայրում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Նավասարդյանի վարած Hyundai մակնիշի 36 AP 405 համարանիշի, Երևանի բնակիչ՝ 23-ամյա Միքայել Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի 88 XO 008 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչ 31-ամյա Երվանդ Կալայջյանի վարած Nissan մակնիշի 36 AR 124 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի մեջ գտնվող վիրավորներից 2-ին հիվանդանոց է տեղափոխել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողը՝ իր ծառայողական ավտոմեքենայով։ Ֆոտոլրագրողը հյատնում է նաև, որ Մյասնիկյան պողոտայում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր, քանի որ այդ հատվածում Երևանի քաղաքապետարանը կատարում էր կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Արման Մարգարյանը, 22-ամյա Մարիամ Բաբախանյանը, 21-ամյա Միլենա Մարդանյանը և Hyundai-ի վարորդ Երվանդ Կալայջյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով նախ բախվել է Hyundai-ին, ապա առաջ ընթանալով՝ բախվել Nissan-ին։ 

Ձեզ կհետաքրքրի...