Պուտինի տրամաբանությամբ ներկայիս Ռուսաստանը Հայաստանին պարտք է մնում, օրինակ, Կարսի մարզը և Սուրմալուն. Հրանուշ Խառատյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Xaaratyan

Դժվար, շատ սահող ավազահողի վրա է դրել Վլադիմիր Պուտինն իր ոտքը՝ հայտարարելով, որ ԽՍՀՄ կազմավորման ընթացքում շատ հանրապետություններ դրա կազմի մեջ մտել են «հսկայական ռուսական հողեր և ավանդական ռուսական պատմական տարածքներ ստանալով» և ԽՍՀՄ-ից դուրս գալով՝ «յուրաքանչյուրը պետք է դուրս գար ինչով մտել է և ոչ թե իր հետ տաներ ռուս ժողովրդի նվերները»:

Ենթադրում եմ, որ այս ասելիս Պուտինը մտքում ունեցել է ԽՍՀՄ սլավոնական հանրապետությունները: Ենթադրում եմ նաև, որ Պուտինը «ռուսական հողեր» և «ավանդական ռուսական պատմական տարածքներ» ասելիս նկատի ունի 1917թ. վիճակը: Թե «ավանդական», թե «պատմական» բառերը օգտագործելիս հատկապես քաղաքական և պետական գործիչները առաջնորդվում են իրենց մասնավոր, խի՜ստ առանձնահատուկ, հաճախ դիպվածային ընկալումներով:

Օրինակ, չնայած Հյուսիսային Կովկասի յուրացման համար պատերազմն ավարտվել է 1860-ականներին, բայց կասկած չի կարող լինել, որ պուտինյան ընկալմամբ 57 տարի անց, 1917թ. Հյուսիսային Կովկասը «պատմական և ավանդական ռուսական տարածք էր»:

Մինչև այսօր ռուսական պատմագրության համար ռուսական պատմական և ավանդական տարածք է համարվում Կարսի մարզը, որը Ռուսական կայսրության տարածքում հայտնվել է միայն 1878թ. և այդ կազմում մնացել մինչև 1917թ.՝ մոտ 40 տարի, Բրեստի պայմանագրով բոլշևիկների կողմից վերադարձվելով Թուրքիային: Հետո այն նվաճել է ՀՀ առաջին հանրապետությունը և Ռուսաստանի Խորհրդային Հանրապետության կողմից հրահրված թուրք-հայկական պատերազմի արդյունքում Մոսկվայի 1921թ. պայմանագրով կրկին վերադարձվել Թուրքիային:

Նույն կերպ Բաթումը Ռուսական կայսրությանը միացվել է 1878թ., հետո այն նվաճել է Վրաստանի Հանրապետությունը, և նույն 1921թ. Մոսկվայի պայմանագրով մնացել է Վրաստանի կազմում՝ այդպես էլ մտցվելով ԽՍՀՄ կազմի մեջ:

«Ռուսական հողեր», «ավանդական ռուսական պատմական տարածքներ» բառերն օգտագործող Պուտինի հետ գուցե իսկապե՞ս «ով ում ավանդական պատմական հողերը ում է նվիրել» կոնցեպտի շրջանակներում արժի քննարկել Նախիջևանի և Լեռնային ու Դաշտային Ղարաբաղի տարածքները Հայաստանից կտրելու և մինչև 1918թ. գոյություն չունեցած Ադրբեջանին միացնելու, ապա այդ կազմով ԽՍՀՄ մտցնելու Ռուսաստանի պատասխանատվության հարցը:

Պուտինի տրամաբանությամբ ներկայիս Ռուսաստանը Հայաստանին պարտք է մնում, օրինակ, Կարսի մարզը և Սուրմալուն, որոնք տեսականորեն կարող էին Հայկական ԽՍՀ-ի հետ միասին մտնել ԽՍՀՄ կազմի մեջ, եթե Ռուսաստանի Խորհրդային Հանրապետությունը Մոսկվայի 1921թ. պայմանագրով դրանք չտար Թուրքիային: Եվ, անկասկած, Նախիջևանն ու Կուրի աջափնյակը: Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը ԽՍՀՄ կազմի մեջ է մտցվել իր «ավանդական հայկական հողերի և պատմական տարածքների» կորստով:

Իսկ ավելի լայն կոնտեքստում՝ Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի՝ Թուրքիային մնացած ողջ հատվածի կորստի համար չկա՞ Ռուսաստանի պատասխանատվությունը: Վերջ ի վերջո Սևրի պայմանագիրն ավերվեց ռուս-թուրքական դաշինքի պատճառով:

 

galatv.am

Ձեզ կհետաքրքրի...