«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել հաջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել հաջակցություն Լիբանանի կրթական հաստատությունների, որոնք երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների պատճառով հայտնվել են դժվարին կացության մեջ։ Միջոցները հավաքվել են Ֆրանսիայի և Գերմանիայի հիմնադրամի տեղական կառույցներից։
«Այժմ, երբ մեր բոլոր ճիգերն ուղղված են սատարելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին, կարևոր է նաև ձեռք մեկնել Լիբանանում անելանելի դրության մեջ գտնվող մեր կրթամշակութային օջախներին, ինչպես նաև տասնյակ տարիներ գործող հայալեզու լրատվամիջոցներին։ Լիբանանում սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամն էլ ավելի ահագնացավ համավարակի տարածմամբ։ Աշխարհասփյուռ հայկական համայնքները համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության կենտրոնում են»,- նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Ի հավելումն այս աջակցության, ընդհանուր առմամբ 10 հազար ԱՄՆ դոլար համամասնաբար կտրամադրվի Լիբանանի հայկական լրատվամիջոցներին՝ «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերին, ինչպես նաև «Վանայ ձայն» ռադիոկայանին։
Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2019 թվականի դեկտեմբերին Լիբանանի Ազգային առաջնորդարանի միջոցով հայկական 18 կրթական հաստատությունների էր փոխանցել 150 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, որից 50 հազարը՝ Արցախի կառավարությունից։