Մոնումենտում շքեղ տներ են` մի քանի միլիոն դոլարանոց, 1 մլն դրամ հարկ են վճարում. այ իրենք 10 մլն են վճարելու․Պապոյան (տեսանյութ)

guyqahark

Անցյալ տարի, երբ մենք ընդունում էինք հարկային բարեփոխումները և իջեցնում էինք հարկերը, մենք ասում էինք, որ այս ամբողջ փաթեթի մաս է նաև գույքահարկի ռեֆորմը, և որի արդյունքում քաղաքացիները բազմապատիկ ավելի քիչ հարկեր են վճարելու, քան վճարում էին։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով գույքահարկի փոփոխման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը։

Պապոյանը վստահեցնում է՝ քաղաքացիները շահելու են տնօրինվող եկամուտների առումով․

«Պատկերացնենք բնակարան, որը գտնվում է, օրինակ, Ապարան քաղաքում, և արժի 2 մլն դրամ, քաղաքացին, որը այդ բնակարանի տերն է, նախկինում չէր  վճարում գույքահարկ, հիմա վճարելու է ամսական մոտ 80 դրամ, ակնհայտ է, որ 80 դրամը այդ քաղաքացու համար մեծ սոցիալական բեռ չէ, բայց մյուս կողմից քաղաքացին, երբ վճարում է այդ 80 դրամը, պետք է ակնկալի և ստանա հանրային ծառայություններ։ Ապարան քաղաքում ապրող մեր քաղաքացին գո՞հ է ասֆալտապատման վիճակից, մայթերի վիճակից, որոնք Ապարան քաղաքում առկա են, այգիներից, պատշգամբներից, կտուրներից, հիմա եթե 80 դրամ վճարի, մի տարի կտուրները վերանորոգեն, մի տարի մայթերը, ճանապարհները, այգին, նա դրանից ավելի գոհ չի՞ լինի, քան 80 դրամ չվճարելուց»։

Ինչ վերաբերում է «Ես բնիկ երևանցի եմ» խորագրով սոցիալական ցանցերում տարածվող բողոք արտահայտող ֆլեշմոբին, Պապոյանը նախ հորդորեց չտարանջատել բնիկ կամ եկվոր երևանցիներին․

«Ես բնիկ երևանցի չեմ, բայց Երևանը որևէ մեկից պակաս չեմ սիրում»։

Ըստ Պապոյանի՝ օրինակ, թոշակառուների անվճարունակության պարագայում մարդիկ կարող են չվճարել, որևէ բան տեղի չի ունենա, երբ նվիրատվություն կամ ժառանագություն կտան որևէ մեկին, հաջորդ սեփականատերը կարող է վճարել։

Սոցիալապես անապահով մյուս շերտերի վերաբերյալ օրենքում գրված է, որ 10 տոկոսի չափով ընդհանուր հավաքվող եկամտահարկից կարող են զիջել անապահով քաղաքացիներին,-վստահեցնում է Պապոյանը․

«Այս պետությունը նախկին ՀՀ-ն չէ, երբ զիջում էր օլիգարխին, երբ զիջում էր պաշտոնյային, ինձ չեն զիջելու, զիջելու են քաղաքացուն, ով դրա կարիքը ունի, օլիգարխներին չեն զիջելու, ընդհակառակը՝ իրենք այս օրենքը դրա համար չէին ընդունում, որովհետև իրենց կկպներ։ Մոնումենտում շքեղ տներ են մի քանի միլիոն դոլարանոց, 1 մլն դրամ հարկ են վճարում, այ իրենք 10 մլն դրամ են վճարելու»։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունները, որոնք նախատեսում են գույքահարկի բարձրացում։

Ձեզ կհետաքրքրի...