Տ. Ավինյանի գրասենյակն ու Վիվա-ՄՏՍ-ը կհամագործակցեն վերարտադրողական առողջության և ժողովրդագրության ոլորտներում. հուշագիր
Հունիսի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Ըստ հուշագրի՝ կողմերը համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
Հուշագրի շրջանակում իրականացվող «Բարև բալիկ» նախագծի միջոցով նախատեսվում է արդիականացնել Հայաստանում հանրային առողջապահության համակարգը, նորագույն տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ բարելավել վերարտադրողական ու մոր և մանկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունների և տրամադրվող տեղեկատվության որակն ու հասանելիությունը, ինչպես նաև խթանել փաստահենք որոշումների կայացման մշակույթը։
Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ ծրագրի շահառու խմբերն են՝ հղի կանայք, անպտղության խնդիրներ ունեցող անձինք և մինչև 6 տարեկան երեխաներ ունեցող ծնողները։
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է մշակել և գործարկել կայքէջ ու բջջային հավելված՝ շահառուներին անհատականացված առողջապահական ծառայությունների ու տեղեկատվության տրամադրման, ծանուցումների ներկայացման, արագ արձագանքման և հետադարձ կապի նպատակով։ Իրականացվելու են նաև ծրագրի հետ կապված հանրային իրազեկման արշավներ։
Նախաձեռնությունն իրագործվում է Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում։
«Բարև բալիկ» ծրագիրը կիրականացնի Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, որին աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում։