Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում alternativ am

korupcion bacahaytumner

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում արդեն 3 անգամ փոխվել են ուժային կառույցների ղեկավարները: Ընդ որում, ակնհայտ է, որ կատարվող փոփոխությունները թե՛ Ոստիկանության, թե՛ Ազգային անվտանգության ծառայության համակարգերին որակապես ավելի ցածր մակարդակ են տեղափոխում:

Alternativ.am-ին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել ոստիկանության նախորդ պետի՝ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածից:

Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, նախկին ոստիկանապետը և նրա երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանը (համակարգում հայտնի է «Ծո» մականունով) և Հայկ Մհրյանը (համակարգում հայտնի է «Մատիկ» մականունով) (երկուսն էլ եղել են Արման Սարգսյանի կուրսեցիները), 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարները համապատասխան մարդկանց չեն հասել:

Մեր աղբյուրի մյուս ուշագրավ տեղեկության համաձայն՝ Արման Սարգսյանը Առաջին հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին ոստիկանության ծառայողներին 51 հատ անվանական զենքով է պարգևատրել, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիները, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Ըստ օդում կախված լուրերի՝ այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ վերևում կանգնած է եղել վերը նշված եռյակը՝ Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան:

Ամենից ուշագրավն այն է, որ այս բացահայտումները տեղի են ունեցել հենց Ոստիկանությունում, նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի նշանակումից հետո: Բացահայտումների մասին Ղազարյանը զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս հանձնարարել է չհանրայնացնել այդ տվյալները:

Հետաքրքիր հարց է ծագում՝ ինչո՞ւ է վարչապետը նման հանձնարարական իջեցրել, և ինչո՞ւ հանրությունը դեռ տեղյակ չէ այդ ուշագրավ բացահայտումներից: Երկու ենթադրություն է ծագում. կա՛մ այդ կոռուպցիոն մեխանիզմների վերևում կանգնած է անձամբ վարչապետ Փաշինյանը, կա՛մ նրա ղեկավարած Հայաստանում կոռուպցիան սովորական երևույթ է, և ընդամենը մի քանի տասնյակ միլիոնին վերաբերող յուրացումների վրա կարելի է աչք փակել՝ սեփական կադրային քաղաքականության ձախողումը հերթական անգամ չապացուցելու համար:

Երկու դեպքում էլ բավական մտահոգիչ փաստի առաջ ենք կանգնում. չէ՞ որ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «Նոր Հայաստանում» կոռուպցիա չկա: Ստացվում է, որ կա, այն էլ ինչպիսին…

Ձեզ կհետաքրքրի...