Հերթական անգամ փորձ է արվել խեղաթյուրել ոստիկանության գործողությունները
Համացանցում տեսանյութ է տարածվել Ստեփանավանում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Տեսագրությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. իբր ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։ Տեղեկացնենք, որ հուլիսի 3-ին Ստեփանավանում արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացրած ոստիկանները նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորներից մեկը դիմակով չէ։ Ոստիկանները տղամարդուն ներկայացրել են իրավախախտումը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ներկայացրել փաստաթուղթ և հայհոյանքներ է հնչեցրել՝ չկատարելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները։ Ոստիկաննության ծառայողները փորձել են նրան բերման ենթարկել։ Այդ ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել նրանց՝ շարունակելով դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ։ Տարածք հրավիրված օժանդակ ուժերի օգնությամբ տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Տղամարդը ձերբակալվել է։ Ի դեպ, նախորդ տարի նույն անձը, դարձյալ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, չի կատարել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջները և դիտավորությամբ վնասել է նրանց ծառայողական ավտոմեքենան։ Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ էր հարուցվել։ Քաղաքացիներին հորդորում ենք խստագույնս պահպանել ոչ միայն հակահամաճարակային անվտանգության կանոնները, այլև կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն, ինչը հանգեցնում է քրեական պատասխանատվության։