Ռուսաստանի ԶՈւ-ում խոշոր ստուգումներ և վարժանքներ են սկսվել. razm.info
ՌԴ նախագահի հանձնարարականով այսօր՝ հուլիսի 17-ին, երկրի ԶՈւ Խաղաղօվկիանոսյան, Հյուսիսային նավատորմներում, Արևմտյան և Հարավային ռազմական շրջաններում, Օդադեսանտային ուժերում և կենտրոնական ենթակայության այլ ստորաբաժանումներում մեկնարկել են անսպասելի ստուգումներ։
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Միջոցառման հայտարարված նպատակը զորքերի պատրաստության, ՌԴ հարավային և արևմտյան սահմաններից հնարավոր ահաբեկչական վտանգին դիմակայելու հնարավորությունների ստուգումն ու սեպտեմբերին մեկնարկող «Կովկաս-2020» զորավարժությանը պատրաստվելն է։
Ստուգումների ընթացքում պլանավորված է անցկացնել 56 մարտավարական վարժանքներ, որոնց մասնակցելու են շուրջ 150 հազար զինծառայող, 26820 զինտեխնիկա, 414 ավիացիոն միջոց և 106 նավ ու ռազմանավ։ Վարժանքները լինելու են 35 զորավարժարաններում և Սև ու Կասպից ծովերի 17 ծովային զորավարժարաններում։
Նշենք, որ նմանատիպ ստուգումներ, վարժանքներով ուղեկցվող ուսումնական տագնապներ պարբերաբար լինում են ռուսական բանակում։