Երկաթե կոնստրուկցիաներն ուղարկում է քաղաքապետարան. իրավական գործընթաց եմ սկսելու. Վանաձորի քաղաքապետ

patasxan

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրել էր, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ երեկ երեկոյան Վանաձորում ապամոնտաժվել է ապօրինի տաղավարներից մեկի կարկասն ու տեղափոխվել քաղաքապետարանի բակ: «Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի»,- մեկնաբանել էր մարզպետը:

1lurer.am-ը մեկնաբանությունների համար դիմեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ հարցնելով, թե ինչու ժամանակին չի իրականացվել ապամոնտաժման գործընթացը: Քաղաքապետի խոսքով՝ տաղավարը տեղադրվել է 4-5 օր առաջ՝ գիշերով: Իրենք փորձել են ճշտել, թե ով է տեղադրել, և բացատրական աշխատանքներ են իրականացրել, որպեսզի տեղադրողներն անձամբ հեռացնեն այն:

«Երկու օր ժամանակ ենք տվել և ասել ենք՝ ապամոնտաժեք: Երեկ իմ տված ժամկետը լրացել է: Երեկոյան, որպեսզի մարդկանց շարժը մի քիչ դադարի, քանի որ ակտիվ առևտրային հատված է այդ տարածքը, մենք տեխնիկա ենք ուղարկել, որպեսզի գնան հեռացնեն՝ ոստիկանության հետ համատեղ: Բայց տեղադրողները, նրանց ընկեր-ծանոթները որոշակիորեն խոչընդոտել են աշխատանքը: Տեխնիկան մերը չի եղել, վարձով վերցրած ավտոկռունկ է եղել, և այդ մարդը թողել հեռացել է: Մարզպետի հետ կապի մեջ ենք եղել: Հետո ժամը տասին ենք փորձել այլ մեքենայով անել, բայց իրավիճակն ավելի է սրվել, ոստիկանություն և այլ, որից հետո կոնկրետ ես որոշեցի, որ առավոտը  յոթի կողմերը հանգիստ կկազմակերպենք, որպեսզի այդ գործողությունն իրականացնենք, որ ավելորդ կրքեր չբորբոքվեն:

Դրանից հետո մարզպետը ԱԻՆ-ին հրահանգում է, որպեսզի ինչ-որ կտրտող սարքեր բերեն, և այդ սարքերը կտրտում են: Ամենատարօրինակն ու պաշտոնին ոչ հարիրն այն է, որ երկաթե կոնստրուկցիաներն ուղարկում է քաղաքապետարան, որի առթիվ ես իրավական գործընթաց եմ սկսելու բացահայտ ցինիզմի և ոչ հարգալից վերաբերմունքի հանդեպ ոչ թե իմ հանդեպ, այլ ընդհանրապես քաղաքապետարանի, քաղաքի հանդեպ»,- ասաց Ասլանյանը: 

Ասլանյանն ասաց, որ այս տաղավարը տեղադրելու հաջորդ օրը իրենք ահազանգ են ստացել, ինքն էլ անձամբ այցելել է: «Այնպես չէ, որ դրա վերաբերյալ ինչ-որ մեկն աչք է փակել»,- ասաց քաղաքապետը:

Հեղինակ`Նարե Ոսկանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...