Անկախ Լիբանանի կառավարության հրաժարականից՝ երկրում ցույցերը շարունակվում են
Թեպետ Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել, այնուամենայնիվ, երկրում չեն դադարում բողոքի զանգվածային ցույցերը: Համազգային բողոքի ալիքը բարձրացել էր Բեյրութի հուժկու պայթյունի պատճառով: Ցուցարարների ու իրավապահների միջև բախումները շարունակվում են խորհրդարանի շենքի մատույցներում: Ակտիվիստները քարկոծել են անվտանգության ուժերին, որոնք էլ, ի պատասխան, արցունքաբեր գազ են կիրառել՝ գրում է BBC-ն:
Աղբյուրը գրում է, որ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը պայթյունի համար մեղադրել է երկրում կոռուպցիոն համակարգին, սակայն խուսափել է ստանձնել պատասխանատվությունը:
Համալսարանի պրոֆեսոր Դիաբը, որը երկրի վարչապետի պաշտոնը ստանձնել էր հունվարին, Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար մեղադրել է քաղաքական վերնախավին:
«Նրանց կոռուպցիոն համակարգը հանգեցրել է այս ողբերգությանը»,- ասել է Հասան Դիաբը: