«Յուքոմը» դատի է տվել «Թիմին»՝ անբարեխիղճ մրցակցության համար

dati e tvel

Հեռահաղորդակցության ոլորտի խաղացողներից «Յուքոմը» դատական հայց է ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ՍՊԸ-ի դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հայցվոր կողմը հայցադիմումով խնդրել է արգելել «Թիմ» ՍՊ ընկերությանը բանակցություններ վարել և բաժնետոմսերը ձեռք բերելու գործարք կնքել «Վեոն Արմենիա» ընկերության հետ։ Որպես երրորդ անձ՝ գործով նշվել են «Վեոնի»՝ Ամստերդամում գտնվող գլխամասային գրասենյակը, նաև «Թիմի» բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Հովիկ Շահնազարյանին։ Վերջինս, սակայն, հայցադիմումը վերադարձրել է այն պատճառով, որ հայցադիմումի հետ կապված պետական տուրքը պակաս չափով է վճարվել։

Հուլիսի 10-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) համաձայնություն էր տվել, որ «Թիմը» ձեռք բերի «Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ Նույն օրը գործարքին թույլտվություն էր տվել նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ պայմանով, որ «Բիլայնի» աշխատակիցների զանգվածային կրճատումներ չպետք է կատարվեն։

Ավելի ուշ ՀԾԿՀ որոշումներից մեկով պարզ դարձավ, որ «Վեոն Արմենիան» գնելուց հետո «Թիմը» որոշել է վերջինիս շարժական և անշարժ գույքերն ու բաժնետոմսերը գրավադնել «Արդշինբանկում»։ Բանկից ստացված միջոցներով էլ «Թիմը» ձեռք է բերել «Վեոն Արմենիան», թեև գործարքի հստակ գին այդպես էլ չի նշվում։

«Լուրեր»-ը մի քանի գրավոր հարց է ուղարկել «Յուքոմին»՝ պարզելու հայցի հիմքերը։ Սրան ի պատասխան՝ ընկերությունից հայտնել են՝ հայցը վերաբերում է անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելուն։ Մեր մյուս հարցին, թե արդյոք համապատասխան շտկումներից հետո նոր հա՞յց է ներկայացվել դատարան, «Յուքոմից» պատասխանել են հետևյալը. «Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունն այս պահին տրամադրել չենք կարող, քանի որ նմանօրինակ տեղեկատվության կանխավ տրամադրումը կարող է վնաս պատճառել «Յուքոմ» ՓԲԸ-ի օրինական շահերին ու իրավունքներին։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ կարող ենք անդրադառնալ ստեղծված իրավիճակի լուսաբանմանը միայն համապատասխան իրավական գործողությունների ավարտին»։

Ձեզ կհետաքրքրի...