Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ֆուտբոլիստ եղբայրների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ պարզվել է, որ 2020 թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել և, մերժում ստանալով, դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:
Նույն ժամանակահատվածում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ երկու քննիչներ նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից, հակադրվելով հասարակության անդամներին, անձնական պատվախնդրությունը վեր դասելով հասարակության շահերից և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խաթարել հարակից սրճարաններում գտնվող անձանց անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` հնչեցրել են հայհոյանքներ և բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նրանց գործողությունները զուգորդվել են այդ պահին ներկա գտնվող ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ դիմադրություն ցույց տալով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: