«Յուքոմ»-ը դատի է տվել ՏՄՊՊՀ-ին՝ պահանջելով վերացնել «Վեոն Արմենիա»-ի եւ «Թիմ»-ի համակենտրոնացման որոշումը

Dati e tvel

«Յուքոմ»-ը դատի է տվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով ՏՄՊՊՀ-ից վերացնել հուլիսի 9-ին կայացրած այն որոշումը, որով թույլատրվել է «Վեոն Արմենիա»-ի եւ «Թիմ» ՍՊԸ-ի համակենտրոնացումը։

Հայցը ներկայացվել է սեպտեմբերին 3-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին։

Նշենք, որ սա «Յուքոմ»-ի երկրորդ հայցն է ՏՄՊՊՀ-ի դեմ այս պահանջով։ Առաջին անգամ հայցը ներկայացվել էր հուլիսի 22-ին, սակայն հայցվորը հետ էր վերցրել այն։

Հիշեցնենք, որ ի սկզբանե «Յուքոմ»-ն էր պատրաստվում գնել «Վեոն Արմենիա»-ն, սակայն Եսայան եղբայրները երբ ստեղծեցին «Թիմ» ՍՊԸ-ն՝ «Վեոն Արմենիա»-ն դիմեց ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ՝ նախ հետ վերցնելով այն հայտը, որով ցանկանում էին ընկերությունը վաճառել «Յուքոմ»-ին եւ հետո ներկայացրել նոր հայտ՝ արդեն ընկերությունը «Թիմ»-ին օտարելու վերաբերյալ։

Արդյունքում, թե՛ ՏՄՊՊՀ-ն եւ թե՛ ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեցին վաճառքի գործարքին, ինչից հետո էլ «Յուքոմ»-ը ընդդեմ ՏՄՊՊՀ-ի որոշման հայց ներկայացրեց։

Հիշեցնենք նաեւ, որ «Յուքոմ»-ը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպես հայցի ապահովման միջոց արգելել «Թիմ» ՍՊԸ-ին կնքել «Վեոն Արմենիայի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։ Սակայն շուրջ 10 օր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը, այսպիսով վերացնելով ընկերության կողմից «Վեոն Արմենիան» ձեռք բերելու գործընթացի խոչընդոտները։

Ձեզ կհետաքրքրի...