Քրեական պատասխանատվություն՝ կեղծ սննդամթերք արտադրելու եւ իրացնելու համար. պատգամավորները քննարկեցին նախագիծը

aporini

«Իմ քայլը» խմբակցության 4 պատգամավոր հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, որը վերաբերում է կեղծված սննդամթերք արտադրելուն կամ իրացնելուն:

Այն փոփոխությունը, որ առաջարկում ենք կատարել Քրեական օրենսգրքում, բխում է վերջերս տեղի ունեցած իրադրությունից, այն է՝ կեղծ ալկոհոլի թունավորումից բազմաթիվ անձինք մահացան։

Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը։ 

Ըստ օրենքի այս նախագծի՝ կեղծված արտադրանք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, իսկ եթե այս արարքների հետեւանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իսկ եթե տվյալ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

Ինչպես ասաց Դավթյանը, Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրելն ու իրացնելը քրեական պատասխանատվության ենթարկվում են, սակայն սննդամթերքի վերաբերյալ նմանատիպ դրույթ չկա, ինչը բացթողում է համարում։ 

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե արդյոք պետք չէ՞ ավելի խստացնել մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դրույթը, ինչո՞ւ պիտի մարդու առողջությանը վնաս պատճառեն, ու տուգանքով հարցը փակվի: Դավթյանը պատասխանեց, որ կընդունի այդ առաջարկը: Գաբրիելյանը նկատեց՝ կարելի է ավելի լայն խնդիրներ ընդգրկել նախագծում: Նա պատմեց, որ, օրինակ, իր ընկերը վերջերս գիպսոկարդոն է գնել ու տունը վերանորոգել, բայց քանի որ մակնշման չափանիշներին չի համպատասխանել, փլվել է:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը անդրադարձավ ալկոհոլի դեպքի մասին հիշեցմանը՝ նկատելով, թե թունավորման դեպքը կապված չէ Արթուր Դավթյանի մատնանշած հոդվածի հետ, ուստի տեղին չէ դա հիշեցնել ու կապել այս նախագծի հետ. «Փաստ է, որ նման դեպք ունեցել ենք, բայց ձեր ասած դեպքը եղել է արտադրական անփութության կամ բացթողնման հետեւանք»,- ասաց նա:

Որոշվեց պատգամավորների առաջարկները քննարկել եւ ներառելով նախագծում՝ այն լրամշակված տարբերակով ավելի ուշ ներկայացնել:

Ձեզ կհետաքրքրի...