Մակրոն-Էրդողան հեռախոսազրույց՝ Ֆրանսիա-Թուրքիա լարվածության ֆոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես, Արևելյան Միջերկրականի խնդիրն ու տարածաշրջանային վերջին զարգացումները՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
Էրդողանը պնդել է, որ Արևելյան Միջերկրականի լարվածության պատճառը տարածաշրջանում Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի «օրինական իրավունքների» անտեսումն է:
Թուրքիայի նախագահը, կրկնելով նախկինում հնչեցրած նմանօրինակ հայտարարությունները, ասել է. «Խնդիրների կարգավորման հարցում մենք կողմ ենք երկխոսությանն ու փոխգործակցությանը»:
Ըստ Ելիսեյան պալատի տարածած հայտարարության՝ նախագահ Մակրոնը նշել է, որ իր երկիրը միշտ պատրաստ է երկխոսության և կարևորում է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ամուր հարաբերությունները:
Զրույցի ժամանակ, որը տևել է ավելի քան մեկ ժամ, քննարկվել են նաև Լիբիայի և Սիրիայի խնդիրները: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Մակրոնը ողջունել է Թուրքիայի և Հունաստանի միջև տեղի ունենալիք բանակցությունները:
Երկու երկրների առաջնորդները որոշել են այս հարցերի շուրջ երկխոսությունը շարունակել նախագահական և նախարարական մակարդակներում: