Կոնդի շունչը, բաց մրցույթը եւ 100 մլն դրամ մրցութային ֆոնդը

kond

Հայաստանի կառավարությունը որոշել է «վերակենդանացնել» Կոնդ թաղամասը եւ աշխատանքներ է սկսել Կոնդի պատմաքաղաքաշինական միջավայրի ու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։  Աշխատանքային խմբի առաջին նիստի արձանագրության մեջ ասված է, որ Կոնդում պատմամշակութային արժեք ներկայացնող, հուշարձան համարվող բոլոր շենքերը պահպանվելու են:

Երեւանի հին թաղամասի զարգացման հայեցակարգի ու էսքիզ-նախագծի միջազգային բաց մրցույթի մասին Մեդիամաքսը զրուցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, ով նաեւ աշխատանքային խմբի քարտուղարն է:

 

«Երեք խնդիր ունենք»

 

Վարագ Սիսեռյանն ասում է, որ Կոնդի հետ կապված երեք հիմնական խնդիր ունեն լուծելու՝ պահպանել բոլոր հուշարձանները, պահպանել արժեք ներկայացնող շենք-շինությունները, եւ ամենակարեւորը, թաղամասի համար ունենալ տնտեսապես հետաքրքիր եւ իրագործելի նախագիծ:

Եթե ունենանք շատ գեղեցիկ նախագիծ, բայց տնտեսապես ոչ իրագործելի, անհարմար ներդրողների, կապալառուների ու բնակիչների համար, ապա այն կմնա թղթի վրա: Կոնդի ամբողջական եւ միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով առաջիկայում հայտարարվելիք բաց միջազգային մրցույթի միջոցով պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ իրենց մասնագիտական հմտությունները գործի դնելով՝ տան ներդրողների համար տնտեսապես իրագործելի նախագիծ»,- ասում է Վարագ Սիսեռյանը:

 

Թաղամասում արդեն չափագրում է կատարվում, որի ավարտից հետո կսկսվեն գույքագրման աշխատանքները: Գույքագրված հուշարձանների ու արժեք ներկայացնող շենքերի մասին ամբողջ ելակետային տվյալները կներկայացվեն մրցութային փաթեթի հետ:

 

Ֆիրդուսի «ցավոտ փորձը»

 

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նկատում է՝ ի տարբերություն Ֆիրդուսի 33-րդ թաղամասի, Կոնդի պարագայում ամեն ինչ նոր կերպ է արվելու:

 

«Ես հասկանում եմ, որ Կոնդի հետ կապված ճարտարապետների մոտ մտահոգություն կա, հենց դրա համար էլ թաղամասի միասնական զարգացման հայեցակարգի մշակման համար բաց մրցութային տարբերակն ենք ընտրել:

Ֆիրդուսի դեպքում բաց մրցույթ չհայտարարվեց, քանի որ ծրագիրն արդեն իսկ մեկնարկած էր, ներդրումներն ու հատակագիծը կային: Ֆիրդուսի փորձն իրականում ցավոտ էր, բայց կարողացանք դրա հետ կապված սոցիալական խնդիրը լուծել: Թաղամասի բնակիչները արդեն ուղիղ բանակցում են ներդրողների հետ, նրանք 1քմ-ի համար կստանան $ 1200-1300, ինչը մինչ 2018-ը կազմում էր շուրջ $ 600: Կոնդի բնակիչների հետ եւս, կարծում եմ, փոխհամաձայնության կգանք»,- ասում է նա:

 

Բաց եւ ներառական մրցույթ՝ Կոնդի համար

 

«Աշխատանքային խմբի առաջին նիստի ժամանակ քննարկման դրված էսքիզ-նախագծի մրցութային փաթեթը, կարծում եմ, մինչեւ ամսվա վերջ e-draft.am էլեկտրոնային հարթակում կդրվի հանրային քննարկման, իսկ միջազգային բաց մրցույթը կհայտարարվի մինչեւ 2020թ. հոկտեմբերի վերջ»,- ասում է Վարագ Սիսեռյանը: Նախագծի մրցութային փաթեթը քննարկվել է շահագրգիռ կողմերի՝ մասնագիտական հանրության եւ անհատ ճարտարապետների հետ, որոնց առաջարկությունների հիման վրա այն լրամշակվել է:

 

«Էսքիզ-նախագծի բաց մրցույթի մասին ուզում ենք հնարավորինս լայն շրջանակներ իմանան, թե՛ ներքին, թե՛ արտաքին աշխարհից: Ցանկացած ընկերություն, ճարտարապետների միավորում, անհատ ճարտարապետ կարող է մասնակցել մրցույթին:

 

Կստեղծվի նաեւ մրցութային ֆոնդ, որի չափը աննախադեպ մեծ է լինելու: Եթե ցանկանում ենք մարդիկ լուրջ զբաղվեն, լուրջ էսքիզ-նախագիծ ներկայացնեն, պետք է մրցութային ֆոնդի գումարը բարձր լինի: Նախնական որոշվել է 100 մլն դրամ: Սա նաեւ անում ենք նրա համար, որ միջազգային ընկերությունները, հայտնի ճարտարապետները հետաքրքրված լինեն Կոնդի շունչը, միջավայրը հնարավորինս պահող նախագիծ ներկայացնելու»,- ասում է Վարագ Սիսեռյանը:

Նա նշում է՝ մրցույթի հաղթողին կամ հաղթողներին ընտրելու է 10-15 հոգուց բաղկացած ժյուրին, ոչ թե ստեղծված աշխատանքային խումբը:

 

«Ժյուրիի կազմում փորձելու ենք ընդգրկել այնպիսի մարդկանց ու մասնագետների, որպեսզի չլինեն այն մտահոգությունները, որոնք լսել ենք նախկինում՝ Ֆիրդուսի 33 թաղամասի հետ կապված»,- ասում է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:

 

Ակնկալվող արդյունքը

 

Վարագ Սիսեռյանը դեռ վաղ է համարում ակնկալիքների ու վերջնական արդյունքի մասին խոսելը, քանի որ ծրագիրը դեռ ամենանախնական փուլում է, բայց նշում է.

 

«Եթե ուզում ենք, որ թաղամասի պատմամշակութային մթնոլորտը պահպանվի, այդ դեպքում պարզ է, որ 50 հարկանի շենք չի կարող լինել այնտեղ, սակայն առավելագույն հարկայնություն էլ հիմա չենք ֆիքսում:

Ենթադրում եմ, որ Կոնդում նաեւ պետք է լինի բնակելի հատված, բայց ոչ հիմնական մասում: Ակնկալում ենք ենթակառուցվածքների բարելավում՝ տարածքը տուրիստական շրջանի վերածելու համար եւ ներդրողներին հետաքրքիր դարձնելու համար:

 

Թողնում ենք ընկերություններին, անհատներին, որպեսզի իրենց կոնցեպտը ներկայացնեն, տեսնենք, թե որն է ավելի իրագործելի, ավելի լավը»,- ասում է Վարագ Սիսեռյանը:

 

Արփի Ջիլավյան

 

mediamax.am

Ձեզ կհետաքրքրի...