Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը և վերադառնալ բանակցային գործընթացին. ՀԱՊԿ

HAPK

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրությունը.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմերն էլ ունեն զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Խախտվել է հրադադարի ռեժիմը, օգտագործվում է ծանր սպառազինություն, այդ թվում՝  հրետանի, տանկեր, ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թվականին ստորագրված հրադադարի համաձայնագրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու վերաբերյալ փոխադարձ պարտավորությունների կատարմանը:

Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը և վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով:

Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը իրենց հայտարարություններում մեկ անգամ չէ, որ կողմերին կոչ են արել կոնֆլիկտային իրավիճակներում կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝  լարվածությունից խուսափելու համար»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:

Ձեզ կհետաքրքրի...