Ռմբակոծության հետևանքով շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնություն ցույց տալ. Թորոսյան

Toosyan

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել  Ստեփանակերտ իր այցից: Նրա խոսքով՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով ունենք զոհեր ու վիրավորներ ինչպես զինվորական անձնակազմի, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում:

«Դա իմ երրորդ այցն էր: Ուզում եմ համեմատել առաջին և երրորդ օրերի իրավիճակը: Իրավիճակն այնպիսին էր, որ Ստեփանակերտն ամբողջությամբ գտնվում էր ռմբակոծության տակ, և որևէ տարբերություն չկար հրթիռների թիրախների միջև:

Բժշկական ծառայության առումով էլ մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալու հնարավորությունից, որովհետև Ստեփանակերտն ու այլ քաղաքներ գտնվում են օդային տագնապի և ռմբակոծության տակ, և նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնություն ցույց տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- տեղեկացրեց նախարարը:

Թորոսյանը նշեց, որ ինքն անձամբ է ականատես եղել Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին: Նրա խոսքով՝ մեծ հավանականությամբ, հրթիռը կարող էր հարվածել հենց հիվանդանոցին:

«Չնայած այս ամենին՝ մենք մեր հայրենակիցների կողքին ուժեղ կանգնած ենք, ամբողջ բժշկական հանրույթը Հայաստանի ու Արցախի իր մյուս գործերը թողած՝ զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ և տարհանմամբ: Մենք մինչև վերջ պայքարելու ենք և հաղթելու ենք»,- նշեց Թորոսյանը:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...