Բասկերի երկրի խորհրդարանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող հռչակագիր է ընդունել

Basker

Բասկերի երկրի խորհրդարանը հռչակագիր է ընդունել, որում սատարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և մերժել բռնության կիրառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հռչակագրին կողմ է քվեարկել խորհրդարանի ճնշող մեծամասնությունը:

Հռչակագրում Բասկերի երկրի խորհրդարանը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և վերահաստատում բասկերի ժողովրդին հայ ժողովրդի հետ միավորող բարեկամության խորը կապերը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, ինչպես նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Ադրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 22 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 95-ը: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչի: Թշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

Ձեզ կհետաքրքրի...