«Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»,-հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյան

naxagah
«Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»,-հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանում բացված «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողով»-ում: «Այսօր մեր քննարկումները թերևս կկենտրոնանան երկու խնդրի վրա: Մեկը C-19-ն է՝ կորոնավիրուս-19-ը: Սակայն մենք պետք է խոսենք նաև C-20-ի մասին, որը Կովկաս-20-ն է՝ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախի Հանրապետության և, Թուրքիայի ներգրավվածությամբ, Ադրբեջանի միջև, խնդրին առնչվում է նաև Հայաստանը»,- ասել է նախագահը:
Ինչ-որ առումով խորհրդանշական համարելով, որ գագաթնաժողովի քննարկումները սկսվում են ժամը 12:00-ին, նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի միջնորդությամբ համաձայնության են եկել հաստատել հրադադար: «Այս գործողություններն շարունակվում են արդեն շուրջ երկու շաբաթ և հարյուրավոր կյանքեր են խլել ու ավերածությունների պատճառ դարձել Լեռնային Ղարաբաղում, որտեղ հարվածներ են հասցվել գյուղերի և քաղաքների,-նշել է նախագահը: -Մենք չենք կարող խուսափել C-19-ը քննարկելուց, և, միևնույն ժամանակ, չենք կարող չքննարկել C-20-ը»:
Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին: «Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»,- ասել նախագահ Սարգսյանը:

Ձեզ կհետաքրքրի...