Լավրովն անհրաժեշտ է համարում ռուս դիտորդների առկայությունը ԼՂ գոտում հրադադարի պահպանման համար
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանման նպատակով պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ, սակայն վերջին խոսքը պետք է ասեն հակամարտության կողմերը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ուղիղ եթերում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ կրակի դադարեցման համաձայնությունից հետո ռազմական գործիչներն արդեն «գետնի վրա» պետք է որոշեն, ինչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ դրա համար, ով պետք է օբյեկտիվորեն հսկի՝ ինչպես են կողմերը հետևում հրադադարի ռեժիմին: Նա այդ հարցում կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, իրենց պաշտոնակիցների հետ կապ է հաստատել Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Լավրովի գնահատմամբ՝ հոկտեմբերի 9-10 հրադադարի հաստատման նպատակով անցկացված քննարկումները եղել են ունիկալ, վճռական պահին իր ներդրումն ունեցել է ՌԴ նախագահը, որը զանգահարել է,իսկ Շոյգուն էլ միացել է բանակցություններին և նշել, որ հրադադարի հաստատումը բավարար չի լինի, եթե վերահսկողության մեխանիզմեր չլինեն:
Լավրովի համոզմամբ՝ ԼՂ-ում հնարավոր է հասնել քաղաքական լուծման, սակայն դրանք պետք է անպայման պահպանվեն նաև «գետնի վրա»:
armenpress.am