ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին.

xaxagh kargaorum

«Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության և անհրաժեշտության մասին`փոխզիջման հիման վրա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- 1Lurer.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նա հիշեցրեց վարչապետ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունը, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ դրսևորելով մաքսիմալիստական մոտեցում:

«ՀՀ վարչապետն ասել է՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ ընդունելի էր նաև Ադրբեջանի համար, այդ կոմպրոմիսը նրա համար շատ արագ դառնում է անընդունելի: Նա ասել է, որ այն պահին, երբ Հայաստանը հայտնում է փոխզիջման պատրաստակամություն, Ադրբեջանը պահանջում է ավելին: Այնպես որ, Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է կարգավորման հիմնական սկզբունքներին՝ մշակված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից, առաջացնում է զարմանք, քանի որ Հայաստանը միշտ և ներկայում էլ հավատարիմ է այդ սկզբունքներին»,- նշեց Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը Fox News-ին հայտնել էր, թե ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական փուլը շուտ ավարտվի, և սկսվեն առարկայական բանակցություններ:

Ձեզ կհետաքրքրի...