Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն Ղարաբաղի հարցում «գնալու է մինչեւ վերջ»

Minjev verj

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում Բաքուն գնալու է «մինչեւ վերջ»:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում: Մենք պաշտպանում ենք արդարությունը: Այս հարցում գնալու ենք մինչեւ վերջ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիեւը ադրբեջանցիներին ուղղված իր տեսաուղերձում:

Նա նաեւ հայտարարել է, որ Բաքուն դեմ չէ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնեւում սպասվող հանդիպմանը, սակայն փորձում է գտնել այդ հանդիպման «իմաստը»:

«ԱՄՆ-ում բանակցությունների ընթացքում որոշվեց, որ մի քանի օր անց Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ժնեւում (ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար): Ես դեմ չեմ, թող հանդիպեն: Բայց մենք ուզում ենք, որ բանակցությունները բովանդակալից լինեն, իմաստ ունենան, արագացնեն հակամարտության լուծումը»,- ասել է Ալիեւը:

Ըստ նրա՝ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու էր բոլորին, բացի Բաքվից.

«Երեւանը ցանկանում էր այդպիսի արդյունք: Բանակցությունները շարունակվելու էին հավերժ՝ մեզ անընդհատ խաբելու համար, որպեսզի այս խնդիրը սառեցվի, հավերժ մնա, որպեսզի մեր տարածքները հավերժ օկուպացված մնան»:

Ըստ Ալիեւի՝ Ադրբեջանը Ղարաբաղում ստեղծում է «նոր իրողություն», որի հետ Երեւանը պետք է հաշվի նստի:

Ադրբեջանի նախագահը ավելացրել է, որ բազմիցս պահանջել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, սակայն դա չի արվել: Ալիեւը խոսել է նաեւ հակամարտության խաղաղ լուծման մասին՝ դարձյալ ներկայացնելով իր պահանջները.

«Եթե խաղաղ եք ուզում, լավ է, որ մեզ անհապաղ տրամադրվի հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց: Հայաստանը մեզ դեռ նման ժամանակացույց չի տրամադրել: Եթե հարցը մնա «սառեցված», դա մեզ չի սազում»:

Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաեւ թուրքական կործանիչների թեմայի՝ հայտնելով, որ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչներ Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում:

Ըստ նրա՝ ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են իրեն, թե ինչի՞ համար են պետք Ադրբեջանին թուրքական F-16-երը:

«Հոգնել եմ նույն հարցին պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չե՞ք կարող նայել, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք եւ նայեք՝ որտեղ են դրանք, օդում կամ գետնին հիմա F-16-եր կա՞ն: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ այստեղ են եկել վարժանքների ընթացքում՝ դրանց մասնակցելու համար, բայց պատերազմի սկզբին նրանք մնացին այստեղ:

Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16-երի ուժը»,- հայտարարել է Ալիեւը՝ հավելելով, որ կործանիչները օգնություն են Թուրքիայից:

Այնինչ, հիշեցնենք, պատերազմի առաջին օրերից հայկական կողմը հայտարարել էր թուրքական միջամտության եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի ռազմական ավիացիայի կազմում թուրքական F-16-երի առկայության մասին: Ադրբեջանի նախագահն ու նրա խորհրդական Հիքմեթ Հաջիեւը համառորեն, ամեն գնով պնդում էին, որ դրանք Ադրբեջանում չկան: Այս պնդումները շարունակվեցին այնքան ժամանակ՝ մինչեւ ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որոնք հավաստում էին F-16 կործանիչների առկայությունն Ադրբեջանի տարածքում:

Միայն այս ամենից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց հայտարարել, թե թուրքական կործանիչները Ադրբեջանում են, սակայն՝ գետնին, օդ չեն բարձրանում:

Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում սեպտեմբերի 29-ին խոցվել էր ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչը:

Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել էր:

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...