Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու. Լենա Նազարյան

Lena

 Ինչքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին քաղաքականությունը, բազմաթիվ սխալները մատնանշենք, այնուամենայնիվ, ստացվում է, որ իրենց հաջողվել է մանեւրել, ՌԴ-ի հետ «խաղերի» միջոցով հետաձգել պատերազմը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասել է. «Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաեւ Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս, որը այլեւս փոփոխման ենթակա չէր, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ արդեն աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացներ: Դա որպես արդյունք որոշել էին ներկայացնել:

Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: Անկեղծորեն, ինձ համար անհասկանալի էր՝ որտեղի՞ց է այդ մեղադրանքի հիմքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկը բառ անգամ չէր խոսել դրա մասին: Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու եւ իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում: Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային: Իրենք տեսնում էին, որ դա տեղի է ունենալու եւ անամոթաբար ծայրահեղացնում էին իրավիճակը՝ անվանելով մեզ հող հանձնող եւ զրկում նաեւ ճկունությունից, ռադիկալացնում այս ամենը»:

Հարցին՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը չէ՞ր պատկերացնում ինչ բեռի տակ է մտնում՝ Լենա Նազարյանը պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանը պատկերացնում էր: Վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցը Ստեփանակերտ էր: Ստեփանակերտի ասուլիսը նորից նայեք, խնդրում եմ: Վարչապետն այնտեղ ասում է, որ մենք պետք է ավելացնենք Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Այսինքն, իր համար պարզ էր, որ կա՛մ մենք հանձնում ենք այդ 7 շրջանները, կա՛մ պատրաստվում ենք պատերազմի: Եվ վարչապետն անկեղծորեն ինքը չի հավատացել, որ 7 շրջանների հանձնումը առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արդար ու շահեկան է մեզ համար: Ինքը դրան չի հավատացել եւ դրա համար այդ ասուլիսին, իր առաջադրման առաջին օրերին ասել է, որ մենք պետք է ավելացնենք անվտանգությունը Հայաստանի եւ Արցախի: Եվ դա արվել է, արվել է՝ ինչքան որ հնարավոր է եղել»:

Ձեզ կհետաքրքրի...