Բոլորը հարցնում էին՝ ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը…16 ուժերի վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է

Vernatun

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Քիչ առաջ այդ մասին հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Ըստ նրա՝ Վազգեն Մանուկյանը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակացական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ պարտավորվելու է 1 տարի անց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ թեկնածուի:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչո՞ւ է ընտրվել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նրա վերաբերյալ հակասական կարծիքներ կան՝ Վանեցյանը պատասխանեց. «Անթերի մարդ աշխարհում չկա…Վազգեն Մանուկյանը՝ ի՞նչ է, կոռուպցիոներ է, թալանչի է, հայրենասեր չէ, անգրագետ է, ի՞նչ է: Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որ եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, մի մարդ է, ով եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, մի մարդ է ով բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման»:

Վանեցյանի համոզմամբ՝ Վազգեն Մանուկյնան իր անցած ճանապարհով եւ ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնք այսօր ծառացած են:

Հայրենիք կուսակցության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում կներկայացնեն իրենց մյուս քայլերը. «Եղավ առաջին քայլը: Բոլորին հետաքրքրում էր՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ, մենք հիմա ասեցինք, մենք առաջադրում ենք Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ամսի 5-ի հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա եւ կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»,- ընդգծեց նա:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...