Կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը
Կյանքի 73-րդ տարում վախճանվել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրեասյանը։
Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունն ու, ցավոք, բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։
Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երևանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին և 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):
2019-ից Արկադի Անդրեասյանն աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։
Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալակիր է:
Արկադի Անդրեասյան անուն-ազգանունը ոսկե տառերով է գրված հայկական սպորտի տարեգրությունում և հավերժ կմնա մեր հուշերում՝ որպես հայկական ֆուտբոլի դասական։