Հանրահավաքին չմասնակցելու պատճառով «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի մի քանի աշխատակիցների ազատել են աշխատանքից. ARMTIMES

Toyota

Հանրապետության հրապարակում անհնազանդության ակցիաներին մասնակցելուց հրաժարվելու պատճառով «Տոյոտա Երեւան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մի քանի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։

Այս ընկերության համասեփականատեր է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ «Տոյոտա Երեւան» ընկերությունում հավասարաչափ՝ 30-ական տոկոս բաժնեմասեր ունեն նաեւ գործարար, Երեւանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր, Սամվել Մայրապետյանը եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիքի»՝ Հ2-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նատալյա Մատինյանը:

Աշխատանքը կորցրած Գոռ Մելիքբեկյանի կինը՝ Գայանե Հովհաննսիյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ դեկտեմբերի 21-ի առավոտյան է դեպքը տեղի ունեցել։ «Աշխատավայրում ժողով է եղել, ասել են պետք է վաղը (երեկվա հանրահավաքի մասին է խոսքը` հեղ․) բոլորդ մեքենաներով գնաք։ Մեքենաները կթողնեք հյուրանոցի մոտ ու ոտքով կմիանաք հանրահավաքի մասնակիցներին։ Գոռն էլ ընդհատելով հարցրել է՝ իսկ եթե չգնանք։ Պատասխանել են, որ էդ դեպքում չեն կարող աշխատել իրենց մոտ»,- պատմեց Գայանեն։

Գայանե Հովհաննսիյանի խոսքով՝ «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ում աշխատող մոտ 70 հոգուց միայն 6-ն են հրաժարվել մասնակցել հանրահավաքին։ Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մերժած աշխատակիցներին «Տոյոտա Երեւան»-ի գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանը հերթով կանչել է իր աշխատասենյակ ու բացատրություն պահանջել։

«Գոռն ասել է՝ եկեք էլ քննարկում չծավալենք, իրենք էլ ասել են՝ դե դիմումդ գրի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելով, որ ամուսինը դիմում չի գրել, պարզապես թողել ու հեռացել է։ Ամուսինները հետո տեղեկացել են, որ աշխատանքից ազատվել են նաեւ հանրավաքին մասնակցելու պահանջը մերժած մյուս աշխատակիցները։

Գայանե Հովհաննսիյանից հետարքրքվեցինք, թե պատրաստվում են արդյոք անհիմն ազատման համար դիմել դատարան կամ իրավասու այլ մարմինների, վերջինս բացասական պատասխան տվեց։ Նշեց, որ առայժմ ոչ մի տեղ չեն դիմելու։ 

«Ես պարզապես գրառում կատարեցի, որ մարդիկ իմանան ու հասկանան, թե ինչ է կատարվում։ Ամուսինս մասնագետ է ու կարող է իր ընտանիքը պահել, բայց լիքը մարդիկ կան, որ այսօր ստիպված են գնում, որպեսզի սոված չմնան։ Այդ մարդիկ չեն կարող ոչինչ անել, բացի գնալուց, որովհետեւ վարկեր, ու լիքը խնդիրներ ունեն»,- եզրափակեց Գայանեն։

«Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց։ «Սփյուռ» տեղեկատվական համակարգում հասանելի երկու համարներից մեկի բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին, իսկ երկրոդին պատասխանեց սպասարկման բաժնի աշխատողը։

Վերջինիս խնդրեցինք հեռախոսահամար փոխանցել կամ պատասխանատու մեկին միացնել, որը կպատասխանի մեր հարցերին։ Աշխատակիցը հորդորեց կապի մեջ մնալ, իսկ ավելի ուշ փոխանցեց, որ այս պահին մենեջերներից ոչ ոք տեղում չէ։ Իսկ թե երբ կլինեն, ասաց՝ չի կարող պատասխանել։

Գոռ Մելիքբեկյանի ազատման մասին կնոջ ֆեսյբուքյան գրառման մեկնաբանություններում օգտատերերը նշել էին մարդու իրավունքների պաշտպանին։ Խոսնակ Նունե Հովսեփյանն էլ արձագանքելով գրել է․ «Մարդու իրավունքների պաշտպանը մասնավոր կազմակերպություններում կոնկրետ դեպքերով զբաղվելու իրավասություն չունի (Պաշտպանի իրավասությունը կոնկրետ դեպքերով տարածվում է պետական մարմինների նկատմամբ)։ Այս հարցով կարող եք դիմել դատարան կամ հիմքերի առկայության դեպքում՝ իրավապահ մարմիններին։ Եթե դժգոհություններ ունենաք իրավապահ մարմիններից, այդ դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանին»։

Մեկ այլ օգտատեր էլ ի պատասխան այդ հայտարարության արձագանքել է՝ «Սիսիանի քահանան պետական կառույցի ներկայացուցի՞չ էր, որ ՄԻՊ-ը հայտարարություն արեց»։

Այս մեկնաբանությանը Նունե Հովսեփյանը պատասխանել է․ «Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթն է մարդու իրավունքների համակարգի պաշտպանությունը երկրում: Այդ տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են լարվածության, առավել ևս բռնության ցանկացած դրսևորման, իրավունքների խախտումների բացառումը: Այդ խնդիրը Պաշտպանը լուծում է ինչպես համակարգային մակարդակով, այնպես էլ կոնկրետ դեպքերով: Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր հովիվի նկատմամբ սպառնալիքների ու բռնության կոչերի դեպքին անդրադարձել է համակարգային տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև այլ եկեղեցիներում վերջին օրերի մի քանի կրկնվող նույնատիպ մտահոգիչ դեպքերը: Պաշտպանը եկեղեցուն վերաբերող հայտարարությամբ հատուկ է ընդգծել եկեղեցու հոգևոր հովիվների նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիությունը երկրում մարդու իրավունքների ու համերաշխության երաշխավորման տեսանկյունից»,-գրել է խոսնակը:

Նունե Հովսեփյանը նաեւ շեշտել է, որ նույն սկզբունքով, Պաշտպանը երեկ անդրադարձել է նաեւ մարդկանց նկատմամբ սպառնալիքներին ու բռնության կոչերին, կամ ցանկացած տեսակի ակցիայի կամ հավաքի մարդկանց մասնակցելու կամ չմասնակցելու հարկադրելու մասին տեղեկություններին։ «Կոնկրետ դեպ քով, եթե Պաշտպանի իրավասությանն է վերաբերում, նախաձեռնվում է վարույթ, պարզաբանումներ են պահանջվում պետական մարմիններից, իսկ մասնավոր կազմակերպությունների դեպքում Պաշտպանին օրենքն իրավունք չի վերապահում կոնկրետ դեպքով պարզաբանումներ պահանջել։ Իսկ թե ինչ պետք է անել նման դեպքերում, արդեն վերևում անդրադարձել եմ»,- հավելել է նա։

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...