Գերմանիան խստորեն դատապարտեց թուրքական դատարանի վճիռը ընդդիմադիր թուրք լրագրողի վերաբերյալ

vchir

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն արձագանքել է Բեռլինում ապաստանած ընդդիմադիր թուրք լրագրող Ջան Դյունդարի վերաբերյալ թուրքական դատարանի որոշմանը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող Դյունդարը դատարանի կողմից դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման։

Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 

«Լրագրությունն անփոխարինելի է հասարակությանը ծառայելու առումով, նույնիսկ այն ժամանակ, երբ քննադում է իշխանության ղեկին կանգնած մարդկանց։ Դյունդարի վերաբերյալ որոշումը լուրջ հարված է  անկախ լրագրությանը»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարը՝ ընդգծելով, որ Գերմանիայի համար կարևոր նշանակություն ունի մամուլի ազատությունը։

Հիշեցնենք, որ թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Ջան Դյունդարը 2015թ. նոյեմբերի 26-ին հարցաքննության էր կանչվել Ստամբուլի դատախազություն։ Այդ ժամանակ նրան տեղեկացվել էր կալանավորման մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերվող  գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության համար»։

Մեղադրանքի համար հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Մինչդեռ թուրքական իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։

2017թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն 3 ամիս բանտում պահվելուց հետո սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց թուրքական վճռաբեկ դատարանը ,չեղարկելով սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում էր 15-20 տարվա ազատազրկում։

Հետագայում նույն վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել  «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշման կայացումը, Դյունդարը մեկնել էր Գերմանիա։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...