Հայ ռազմագերիների հարցը՝ քննարկման թեմա ԵԽԽՎ բոլոր մակարդակներում. Ռուբինյանը մանրամասներ հայտնեց

Rubinyan

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թեև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը չի ներառել ընթացիկ քննարկման թեմաներում, սակայն պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ իրենց հաջողվել է ԵԽԽՎ բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում քննարկման առարկա դարձնել այդ հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանը նման տեսակետ հայտնեց պատվիրակության անդամների ասուլիսում՝ ամփոփելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները:

«Հայկական պատվիրակության առաջնահերթությունը նստաշրջանի ընթացքում բնականաբար Արցախյան պատերազմից բխող խնդիրներն էին, առաջին հերթին՝ ռազմագերիների հարցը: Հայկական պատվիրակությունն առաջարկ էր արել հայ ռազմագերիների հարցը դարձնել ընթացիկ քննարկման թեմա, որը, սակայն, բյուրոյում մերժվեց»,-ասաց Ռուբինյանը:

Բայց Ռուբինյանի խոսքով՝ ի սկզբանե պատվիրակության համար պարզ է եղել՝ քիչ հավանականություն կա, որ այդ թեման կներառվի ընթացիկ քննարկման հարցերի մեջ՝ հաշվի առնելով, որ այլ թեմաներ, մասնավորապես Նավալնիի թեման եվրոպացի պատվիրակների մոտ մեծ առաջնահերթություն է ունեցել: Սակայն հայկական պատվիրակությունն այդ առաջարկն արել է՝ որպես ևս մեկ միջոց՝ խնդիրը բարձրաձայնելու:  

«Եվ արդյունքում այդ հարցը քննարկվել է և բյուրոյում, և քաղաքական խմբերում: Արդյունքում երկու քաղաքական խմբերի ղեկավարներ ԵԽ գլխավոր քարտուղարին հարց են ուղղել հայ ռազմագերիների հետ կապված, հետագայում նաև «Թվիթեր»-ում հայտարարություններ են արել՝ պնդելով, որ հայ ռազմագերիները պետք է անմիջապես վերադարձվեն: Մեկ այլ քաղաքական խմբի ղեկավար իր ելույթում է նշել դրա մասին: Հետագայում արդեն նստաշրջանից հետո մեկ այլ քաղաքական խմբի ղեկավար բյուրոյում կրկին բարձրաձայնել է այդ հարցը»,-ասաց պատվիրակության ղեկավարը:

Ռուբինյանը, որպես պատվիրակության ղեկավար, հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ նախագահի հետ, և կրկին քննարկման կիզակետում եղել է ռազմագերիների հարցը: «Հայկական պատվիրակությունը նպատակ էր դրել ռազմագերիների հարցը դարձնել ԵԽԽՎ-ում քննարկման թեմա՝ բոլոր հնարավոր մակարդակներում՝ հանձնաժողովներում, քաղաքական խմբերում, բյուրոյում, լիագումար նիստում: Եվ կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է»,-ասաց նա:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից Ստրասբուրգ չեն մեկնել Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը՝ մասնակցելով հեռավար տարբերակով:

Ձեզ կհետաքրքրի...