Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքի
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հայտնում են՝ Հիմնադրամի աշխատակազմը սկսում է իրականացնել հատուցումների գործընթացը, որը ենթադրում է ժամանակատար աշխատանք։
«Վստահեցնում ենք, որ հատուցման ցուցակներում առկա բոլոր զինծառայողների՝ շահառու հանդիսացող հարազատները կստանան օրենքով հասանելի և՛ միանվագ, և՛ ամսական հատուցումները։ Հիմնադրամի աշխատակազմը ուժերի գերլարումով իրականացնում է իր առաքելությունը։
Մենք օրական ստանում են բազմաթիվ զանգեր, նամակներ՝ խնդրանքով՝ ստուգել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի անվան առկայությունը գումարի փոխանցման ցուցակներում: Պարզապես խնդրում ենք լինել համբերատար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր դիմում ստանալու է օրենքով սահմանված հատուցում:
Յուրաքանչյուր զանգի, նամակի պատասխանում ենք մեծ սիրով և պատրաստակամությամբ, սակայն այդ գործընթացը մեզնից ժամանակ է խլում բուն գործառույթն իրականացնելիս։
Տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքի, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում արդեն իսկ 553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր։ Այնուամենայնիվ, վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից մեկն է՝ այսօր ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»,- հայտնում են հիմնադրամից: