Թուրքիան փորձում է վերադառնալ F-35-երի ծրագիր. RAZM INFO
Թուրքական «Պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիաներ»* պետական ընկերությունը 6 ամսով վարձել է ամերիկյան Arnold & Porter իրավաբանական ընկերությանը՝ F-35 կործանիչների արտադրության ծրագիր վերադառնալու համար օգնություն ու խորհրդատվություն ստանալու նպատակով։
Այս մասին գրում է ամերիկյան Foreign Lobby լրատվակայքը։ Նշվում է, որ իրավաբանական ընկերության հետ գործարքը կազմել է մոտ 750 հզ դոլար։
*Ընկերությունը պատկանում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանը (ՊԱԳՎ)։
Իրավաբանական ընկերությունը, բացի թուրքական կողմին խորհրդատվություն մատուցելուց, նաև փորձելու է կապեր հաստատել կործանիչների ծրագրի անդամ մյուս գործընկերությունների հետ ու հասկանալ դրանց վերաբերմունքը ծրագրին թուրքական ՊԱԳՎ֊ի մշտական ներգրավվածության նկատմամբ։
Իրավաբանական ընկերությունը նաև պետք է մշտադիտարկի արտահանումներն ու առևտրային պատժամիջոցները, իսկ դրանց լինելու դեպքում թուրքական կողմին բացատրի պատժամիջոցների էությունը։
Հիշեցնենք, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու համար Թուրքիան 2019թ. պաշտոնապես հեռացվեց ամերիկյան արտադրության 5-րդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից, որից թուրքական կողմն ակնկալում էր ստանալ մոտ 100 միավոր։
Ամերիկյան կողմի պնդմամբ՝ Թուրքիան պետք է հրաժարվի ռուսական համակարգերից, քանի որ դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ ստանդարտներին։ Թուրքիան պնդում է՝ չի հրաժարվելու։
2020թ. դեկտեմբերին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց հենց ՊԱԳՎ նկատմամբ՝ արգելելով կառույցին ամերիկյան արտադրանքի արտահանման արտոնագրերն օգտագործել, ինչպես նաև սառեցնելով վարչության նախագահ Իսմայիլ Դեմիրի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվներն ու սահմանափակելով նրանց մուտքի արտոնագրերը։
razm.info