Տղամարդկանց և կանանց սպանությունների թիվը Թուրքիայում
Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: Նշենք, որ միայն 2020թ. Թուրքիայում տղամարդկանց կողմից 300 կին էր սպանվել, իսկ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի էր հայտնաբերվել:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Հյուլյա Աթչը Ներգիսը թուրքական հեռուստածրագրերից մեկի եթերում անդրադարձել է կանանց դեմ հանցագործությունների թեմային:
Ներգիսը կանանց նկատմամբ բռնությունների և հանցագործությունների թեման քաղաքական օրակարգից դուրս մղելու և այն հակակշռելու համար խոսել է տղամարդկանց սպանությունների և հանցագործությունների թեմայից:
Համեմատելով Թուրքիայում գրանցված կանանց դեմ բռնությունների թիվը այլ երկրներում գրանցված դեպքերի թվի հետ, նա նշել է, որ իր երկրում այդ ցուցանիշն ավելի ցածր է:
Հաղորդավարի՝ «2020թ. 300 կին է սպանվել» դիտարկմանն ի պատասխան, Ներգիսը պնդել է, որ դա մեդիայի ստեղծած թյուրըմբռնումն է:
«Բայց տեսե՛ք, սպանված տղամարդկանց թիվը 12 անգամ ավել է այդ (կանանց սպանությունների-խմբ.) թվից: Մենք միայն կանանց թիվն ենք հայտնում»:
Նա մեղադրել է մեդիային սխալ ընկալում առաջացնելու համար և հավելել. «Կարծես թե Թուրքիայում չափազանց շատ կին է սպանվում»:
ermenihaber.am