«Հրազդան» բժշկական կենտրոնի աշխատակցի ու վիրաբուժական բաժանմունքի վարիչի միջև տեղի է ունեցել ծեծկռտուք.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոստիկանության Հրազդանի բաժնում օպատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 7-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող «Հռիփսիմե» հանդիսությունների սրահում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել բժիշկների մասնակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում նշված սրահի 2-րդ հարկի նախասրահում վիճաբանություն է տեղի ունեցել Հրազդանի բնակիչ՝ 41-ամյա Աղասի Բարսեղյանի և Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ռուբեն Վասիլյանի միջև, որի ժամանակ Ա. Բարսեղյանը գոտկատեղից հանել է ատրճանակը , սակայն վիճաբանության մասնակիցները կարողացել են նրա ձեռքից խլել այն։
Վիճաբանության ժամանակ Ա. Բարսեղյանը քաշքշել, ապա մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ռ. Վասիլյանի մարմնի տարբեր մասերին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 10-ին, Հրազդանի ոստիկանները Ա. Բարսեղյանին հայտնաբերել են իր տանը, որտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, այնուհետև նա իր բնակարանից ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Բարսեղյանն աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնում՝ տեխիկական սպասարկման բաժնի պետ, իսկ Ռ. Վասիլյանը՝ նույն ԲԿ-ում՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: