Թուրքիան կարող է ռուսական ՍՈւ-35 և ՍՈւ-57 կործանիչներ գնել․ razm info
Թուրքիան չի բացառում ռուսական չորրորդ սերնդի ՍՈւ-35 և հինգերորդ սերնդի ՍՈւ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տրվում է սեփական կործանիչի արտադրությանը։
Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։
Հիշեցնենք, որ Թուրքիան դուրս է մնացել ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից, որի պատճառը Ռուսաստանի հետ 2017-ին կնքված պայմանագրի հիման վրա 2019 թ․ հունիսին ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի մատակարարումն էր։
Դրանից հետո թուրքական ու ռուսական մեդիայում ակտիվ քննարկման դրվեց այն հարցը, որ Թուրքիան F-35 կործանիչի փոխարեն կարող է գնել ռուսական Սու-57-ը։ Ավելին՝ 2019թ․ օգոստոսի 27-ին պաշտոնական այցով Ռուսաստան մեկնած Էրդողանը ավիացիոն ցուցահանդեսից առաջ ՌԴ նախագահ Պուտինին հարցրեց․ «Սա Սու-57 է՞ ․․․ մենք սրանի՞ց ենք գնելու»։
2019 թ․ նոյեմբերին ռուսական պետական ռազմարդյունաբերական «Ռոստեխ» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Վիկտոր Կլադովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել չորրորդ սերնդի Սու-35 կործանիչներ այն պայմանով, որ Թուրքիան գնի հինգերորդ սերնդի Սու-57-երը, և մինչ օրս կողմերը երբևէ չեն բանակցել բացառապես Սու-57-ի վաճառքի համար։
Նշենք նաև, որ Թուրքիան տեղական արտադրության հինգերորդ սերնդի TF-X ինքնաթիռի կառուցման մասին առաջին անգամ հայտարարել է 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատում են բրիտանական BAE-ն ու «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI)։ Կործանիչի առաջին թռիչքն, ըստ TAI ընկերության տնօրեն Թեմել Քոթիլի՝ նախատեսվում է 2025թ.։
razm.info