Հաքերները չեն կոտրել. ինչպե՞ս է «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությունը հայտնվել «Արմենպրես» կայքում. Sputnik Armenia
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության կայքն ադրբեջանցիները չեն կոտրել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց կայքի անվտանգությամբ ու սպասարկումով զբաղվող ընկերության տնօրեն Վարդան Թորոսյանը։
«Կայքը չեն կոտրել, տեխնիկական պատճառներ են եղել, կայքի սերվերն անջատվել է շատ կարճ ժամանակով։ Կա Cloudflare համակարգ, որն, այսպես ասած, ընթերցողի ու կայքի սերվերի մեջտեղում է։ Երբ սերվերն անջատվել է, համակարգն իր հիշողությունից մի նկար է ցույց տվել»,- նշում է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ տեխնիկական խնդիրները լուսադեմին են եղել, և ոչ բոլոր օգտատերերի մոտ է նույն պատկերը եղել․ ոմանց մոտ պարզապես գրվել է, որ կայքն անհասանելի է։
Թորոսյանը նշում է՝ հնարավոր չէ հասկանալ, թե ինչու է համակարգը հիշողությունից հենց այդ պատկերը ցույց տվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արմենպրեսի» կայքը «կոտրել են», տեղադրել էին Իլհամ Ալիևի ելույթի տեսագրությունն ու գրություն՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։