Արարատում ամուսինը երկտող է ստացել կնոջ դավաճանության մասին. Խանութում ծեծել է, պահանջել խնայողությունները. կինն ինքնասպան է եղել
Արարատի մարզում ամուսնու կասկածամտությունն ավարտվել է ընտանեկան ողբերգությամբ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ շուրջ քսան տարի համատեղ կյանքով ապրելուց հետո ամուսիններն ունեցել են անհաշտ և լարված հարաբերություններ։
Տղամարդն սկսել է կնոջը կասկածել ամուսնական անհավատարմության մեջ, երբ 2019թ ապրիլ ամսին, իր ավտոմեքենայի դռան հայելու արանքում գտել է կնոջ անհավատարմության վերաբերյալ գրություն, ինչից հետո կնոջ կյանքը վերածվել է դժոխքի։ Ամուսինը պարբերաբար դաժան և նվաստացնող վերաբերմունք է ցուցաբերել կնոջ նկատմամբ։ Նախ՝ գրությունը հայտնաբերելու օրը գնացել է իրենց մթերային խանութը և բռնություն գործադրել այդտեղ աշխատող կնոջ նկատմամբ՝ առևտրի սրահի ցուցափեղկերի վրա դասավորված քաղցրավենիքով ու ձվերով հարվածելով կնոջ մարմնի տարբեր հատվածներին։ Մի քանի օր անց տղամարդը կնոջից պահանջել է տալ իրենց տնտեսած գումարները, որոնք կինը չի կարողացել ամբողջությամբ ներկայացնել, ինչն էլ ամուսնու մոտ հիմնավորել է կասկածներն առ այն, որ կինը դավաճանում է իրեն և տնտեսած գումարները փոխանցել սիրեկանին։
Նա կնոջը հրապարակային մեղադրել է դավաճանության մեջ, այդ թվում՝ որդիների ներկայությամբ և խանութում, սակայն ընտանեկան ողբերգությունն այսքանով չի ավարտվել։ Օրեր անց տղամարդը կնոջ հեռախոսում տեսել է նամակագրություն՝ ինչ- որ տղամարդու հետ, ինչից հետո ծեծել է կնոջը, քաշքշել հագուստից, հրել, ոտքերով հարվածներ հասցրել նրա որովայնին և գլխին։ Դրանից երեք օր անց կինը խմել է քացախաթթու եւ մահացել օրգանիզմի ընդհանուր էկզոգեն թունավորման հետևանքով։
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ կինը նման ծայրահեղ քայլի է գնացել ընկճված, խիստ լարված և սուր ֆրուստրացիայի հոգեվիճակի մեջ գտնվելու հետեւանքով։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի և նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելու և ծեծի հատկանիշներով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։