Անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն գործադրելով և դրա սպառնալիքով մուրացկանության մեջ ներգրավելու փորձ կատարելու, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել երկու կանանց

Murackanutyun

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով  պարզվել են անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն գործադրելով ու դրա սպառնալիքով մուրացկանության մեջ ներգրավելու փորձ կատարելու, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու կանանց:

Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի 54 -ամյա բնակչուհին իր անչափահաս երկու երեխաների հետ ձմռան ցուրտ ամիսներին, ջեռուցման հնարավորություն չունենալու պատճառով, հյուրընկալվել է Երևանում բնակվող իր հետ նախկինում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված ամուսնուն և վերջինիս 34-ամյա կնոջը:

Պարզվել է, որ 54-ամյա կինն իր երեխաների նկատմամբ չի իրականացրել պատշաճ խնամք և իր անչափահաս դստերը ստիպել է  մուրացկանությամբ զբաղվել, սակայն աղջիկը հրաժարվել է, դիմել է փախուստի, որի պատճառով կինն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել երեխային շահագործելու իր մտադրությունը:  Բացի այդ, 54-ամյա կինն իր մյուս երեխայի նկատմամբ հաճախակի կիրառել է բռնություն՝ հարվածներ հասնելով անչափահաս որդու մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Քննությամբ պարզվել է նաև, որ նախկին ամուսնու կինը՝ ծնված 1990թ.,  իր 2-ամյա աղջկա դաստակները սեղմել է փայտյա վառվող վառարանին՝ պահել մի քանի վայրկյան՝ այդ կերպ նրան դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս: Այնուհետև հարվածներ է հասցրել անչափահաս որդու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 54-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-1322-րդ հոդվածի (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման փորձ) 2-րդ մասի 4-րդ կետով և 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 1990թ. ծնված կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել հոգեբարձության և խնամակալության մարմնին ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, վորոհիշյալ երկու կանանց ծնողական իրավունքներից զրկելու գործընթաց սկսելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...